Ջրի տակ են մնալու
Սեւանա լճի ջրի մակարդակի բարձացումը շարունակվելու է օրենքով նախատեսված չափաքանակների շրջանակում,- ասում է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Ըստ 2001-ին ընդունված «Սեւանի մասին» օրենքի՝ 2002-ից մինչեւ 2030-ը պետք է լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով, իսկ յուրաքանչյուր տարի միջին հաշվով՝ 21,6 սմ-ով:
Լճի ջրի մակարդակը, ըստ նախատեսվածի, մինչեւ 1903 մետր 50 սմ բարձացնելուց առաջ պետք է մաքրել ափամերձ շրջանները շենք շինություններից։
« Կային 4717 շենք շինություն, որոնցից ապամոնտաժվել են 451-ը»,-ասում է Մովսիսյանը:
177-ը, որոնք գտնվում են 1900 մետր 25 սմ-ից ներքեւ, այս տարի կարող են ջրածածկ լինել, ուստի դրանք նույնպես պետք է մաքրվեն:
Նշենք, որ բոլոր շենք շինություններից ընդամենը 27 տոկոսն են քարե շենքեր:
«Իրավական տեսանկյունից նայած, բոլոր շենք շինությունները ապօրինի են, որովհետեւ դեռեւս 1987-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 1908 մետրից ներքեւ կապիտալ շինություններ չտեղադրել»,-ասում է պարոն Մովսիսյանը:
Մովսիսյանը նշում է, որ միայն անցյալ տարի լճի մակարդակը նախանցյալ տարվա համեմատ նվազել է 4 սմ-ով, որովհետեւ ոռոգման համար, եթե տարեկան բաց էին թողնում 170 մլն խմ ջուր, այդ անգամ բաց է թողվել 313 մլն խմ ջուր:
«Մենք ունենք նաեւ բնական գոլորշիացման եւ տեղումների խնդիրը, որը շատ մեծ է: Եթե մուտքայինը կազմում է 1 մլրդ 320 մլն ջուր, ապա յուրաքանչյուր տարի 1 մլրդ-ի չափով գոլորշիանում է լճի մակերեսից»,- հավելում է Վլադիմիր Մովսիսյանը: