«Հենրիխ Մխիթարյանը իրավունք չուներ» (տեսանյութ)
ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն քննարկել և մերժել է ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը:
Այսօր ասաց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նրա խոսքերով Վարդան Մինասյանը մեղավոր չէ, որ հավաքականը մի քանի խաղ անընդմեջ լավ խաղ ցույց չի տալիս: Իսկ Վարդան Մինասյանի հրաժարականն, ըստ Ռուբեն Հայրապետյանի, մերժվել է, քանի որ ազգային հավաքականը նրա կարիքը շատ ունի:
«Վարդան Մինասյանը հուզված ու ընկճված էր: Մենք խնդիր էինք դրել հավաքականի առջև, որը ձախողվեց: Ես գտնում եմ, որ այս հարցում Վարդան Մինասյանը մեղք չունի: Եթե նա լիներ ոչ պրոֆեսիոնալ և ոչ աշխատասեր, ես կընդունեի նրա հրաժարականը: Մինասյանը մեղք չունի պարտություններում, մենք ունենք ծրագիր, որը պետք է մենք իրագործենք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենի խոսքերով` եթե Վարդան Մինասյանը երկրորդ անգամ հրաժարական ներկայացնի, դա կնշանակի, որ ֆեդերացիան գործ ունի անլուրջ մարդու հետ: «Ձեզ թվում է` մենք մուկն ու կատու ենք խաղո՞ւմ: Ազգային հավաքականը ողջ ազգինն է: Պատասխանատվությունը շատ մեծ է»,- ասաց պարոն Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաև ազգային հավաքականի և Դոնեցքի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այն խոսքերին, թե հավաքականի որոշ ֆուտբոլիստներ Հայաստան- Չեխիա խաղի ժամանակ նվիրված չեն խաղացել. «Հենրիխ Մխիթարյանը ճիշտ է ասել, բայց դա չի նշանակում, որ պետք է ասեր նման բան: Հենրիկը ֆուտբոլիստ է, ոնց որ հավաքականի ցանկացած խաղացող: Դրա մասին հավաքականի մարզիչը պետք է ասի: Նա իրավունք չուներ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: