Առաջարկվել է ստեղծել միացյալ կոմիտե
ՀՀ Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մասնակցել է Ռուսաստանի քաղավիացիայի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Քաղաքացիական օդագնացություն. երեկ, այսօր, վաղը (Ավիատրանս-2013)» գիտագործնական համաժողովին: Այս մասին հայտնում է ՀԽ մամլո ծառայությունը։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձը, որը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել տիկին Մուրադյանը, հետաքրքիր փաստեր պարունակում. դեռևս XX դարասկզբին հայերն ու ռուսները միասին կանգնած են եղել ավիացիայի ջոկատների ստեղծման ակունքների մոտ: Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1914 թ., Հայաստանի տարածքում Օսմանյան Թուրքիայի դեմ մարտնչող ռուսական բանակի շատ գնդեր համալրվել են ավիացիոն ջոկատներով, ներառյալ` ինքնաթիռներ ու աերոսթատներ: Շատ օդագնացների անուններ ոսկե տառերով են գրվել Ռուսաստանի ավիացիայի պատմության մեջ:
ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը, որի ողջույնի խոսքը նույնպես փոխանցվել է համաժողովի մասնակիցներին, նշել է, որ ենթահանձնաժողովի շատ անդամներ և քաղաքացիական ավիացիայի մասնագետներ, որոնք աշխատում են Հայաստանում, կրթություն են ստացել այն բուհում, որտեղ անց է կացվում համաժողովը: Դա Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի պետական տեխնոլոգիական համալսարանի Դոնի Ռոստովի մասնաճյուղն է (ԽՍՀՄ-ի տարիներին` Կիևյան մասնաճյուղ):
Ենթահանձնաժողովի առաջարկով այս պահին բանակցություններ են ընթանում Հայաստանում այդ համալսարանի մասնաճյուղը բացելու ուղղությամբ:
Առաջարկվել է նաև քաղավիացիայի ոլորտի զարգացման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծել միացյալ կոմիտե:
Բացի այդ, հաշվի առնելով ՌԴ և ՀՀ, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրներում ավիափոխադրումների շուկայի անհամաչափ ու քաոսային զարգացումը, առաջարկվել է նույն կոմիտեի շրջանակներում շուկայի երկկողմ կամ բազմակողմ կարգավորում՝ համապատասխան մեթոդիկայի և պրոֆիլային մասնագետների ներգրավմամբ:
Նկատի ունենալով նաև ինտեգրացիոն գաղափարներն ու գործընթացները, ելնելով ցամաքային ընդհանուր սահմանների հնարավոր բացակայության տարբերակից՝ ԱՊՀ երկրների կառավարություններին առաջարկվել է ավիացիայի միջոցով
հաղորդակցությունները դյուրինացնելու նպատակով ԱՊՀ երկրների
ավիափոխադրողների նկատմամբ կիրառել այն տարիֆները, որոնք նախատեսված են ներքին ավիաընկերությունների համար:
Համաժողովում առաջարկվել է նաև համատեղ քննարկել փոքր ավիացիայի ոլորտում համագործակցելու հարցը: