«Արմավիան» դադարեցնում է թռիչքները
2013թ ապրիլի 1-ից «Արմավիա» -ն դադարեցնում է թռիչքները։
Այս մասին հայտնում է «Արմավիա» ընկերության մամլո ծառայությունը։
«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ-ին։ 2001թ սկսել է իրականացնել իր թռիչքները՝ իր ավիապարկում ունենալով ընդամենը մեկ ինքնաթիռ, 2003թ պարկը համալրվել է 3 ինքնաթիռներով։ 2006թ ինքնաթիռների թիվը դարձել է 7, 2007թ՝ 14 ։
Ըստ մամլո հաղորդագրության՝ 2007-2010թթ «Արմավիա»-ն դրսեւորվել է որպես վստահելի գործընկեր, որը բարեխղճորեն եւ որակով կատարել է իր պարտավորությունները։ 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը «խորտակեց» շատ ավիաընկերությունների/ КУБАНЬ, АЭРОСВИТ, RED WINGS, AMERICAN AIRLINES , МАЛЕВ եւ այլն/
«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռք բերումների վրա: Երեք տարիների ընթացքում «Արմավիայի» սեփականատեըը ստիպված էր այլ բիզնեսներից եկամուտները ուղղել «Արմավիայի» զարգացմանն աջակեցելու գործին: Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ այսպես այլեւս հնարավոր չէ աշխատել, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկացման գործընթացը: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի շարունակ եւ մաղթում նրանց հաջողություններ»,-ասված է «Արմավիա» ընկերության մամլո հաղորդագրության մեջ։
Արմավիան այլ հարցերի չի պատասխանում, իսկ Քաղավիացիայի մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը հայտնեց, թե ընկերությունը խոստացել է վերադարձնել բոլոր տոմսերի գումարը կամ առաջարկել այլ ընկերությունների տոմսեր։