Սեւանա լիճը կճանաչվի՞ ժառանգություն
Ապրիլի 2-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա էկոլոգիական հեռուստամարաթոն` նվիրված Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելուն:
Միջոցառումը կազմակերպում է «Terra Viva» միջազգային էկոլոգիական շարժումը` նախագծի նախաձեռնող խմբի համանախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ Ռուբեն Մելքոնյանի եւ «Terra Viva» միջազգային էկոլոգիական շարժման նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի դափնեկիր Նիկոլայ Դրոզդովի գլխավորությամբ:
Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտ ճանաչելու նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախաձեռնության հետ, որը 2013թ. հայտարարեց ջրային համագործակցության տարի: Այս տարի ՄԱԿ-ի դրոշի ներքո պետք է համախմբվեն միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությունը եւ բիզնեսը, որպեսզի մշակեն նոր գաղափարներ քաղցրահամ ջրի պահպանման եւ օգտագործման գործում: