Խորեն Աբրահամյանն կդառնար 83 տարեկան (տեսանյութ)
Հայ մեծանուն դերասան, տաղանդավոր արվեստագետ, մեծ հայ եւ իսկական երեւանցի Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 83 տարեկան:
«Առաջին սիրո երգ»-ի Արսենը, «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի Պավլեն, «Սարոյան եղբայրներ»-ի Գևորգը և նրա մարմնավորած էլի տասնյակ կերպարներ վկայում են Խորեն Աբրահամյանի դրամատիկական ճաշակի, հոգեբանական զսպածության ու խորության, խոսքի հղկվածության եւ կերպարն՝ իր բոլոր նրբերանգներով բացելու կարողության մասին։
Խորեն Աբրահամյանի արվեստն ինքնատիպ էր, համարձակ և արդիականության խոր զգացողությամբ: Իսկ նրա ասմունքը խիստ տարբեր էր. ժամանակի ավանդական սմունքողների պաթետիզմը նա փոխարինում էր դերասանական խաղով: Նա միշտ գնում էր յուրօրինակ եւ համարձակ լուծումների։ Խորեն Աբրահամյանը ոչ միայն հանճարեղ դերասան էր, այլեւ հիանալի ռեժիսոր։ Նրա կյանքը կապված էր մայր թատրոնի հետ։ Գ. Սունդուկյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում նա մարմնավորել է բազմաթիվ կերպարներ (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Կորիոլան, Արա Գեղեցիկը և այլն)։
1979-84 թթ-ին Խորեն Աբրահամյանը եղել է Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-95 թթ-ին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: Ցավոք, Խորեն Աբրահամյանը մի քանի տարի Հայաստանում չէր ստեղծագործում. նա հեռացավ Միացյալ նահանգներ, սակայն...
վերադարձավ եւ 2004թ.դեկտեմբերի 10-ին Երևանում կնքեց իր մահկանացուն:
Այսօր մտավորականի նրա տեսակի կարիքը շատ է զգացվում։
Շնորհավոր ծնունդդ, Մեծ Հայ, սիրելի Վարպետ: