Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակ օրինական ելքն ըստ ճարտարապետների

Հասարակություն
806aeb818f09b8cfed957a927c11e2db

Նախորդ շաբաթվավերջին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնվել քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի խմբակային դիմումը՝ Երևանի կենտրոնական ծածկած շուկայի ճակատագրի հանգուցալուծման վերաբերյալ:

Ստորև նամակը.


Երևանի քաղաքապետ`
Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Մարգարյան

Մենք, քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամներս, քաջատեղյակ ենք Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի խեղման հանդեպ քաղաքապետարանի և անձամբ Ձեր անհանդուրժողական դիրքորոշմանն ու նաև կիրառած վարչական պատժամիջոցներին: Սակայն շուկայի սեփականատիրոջ ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցության հարաճուն շարունակականությունը ու դրա հետ մեկտեղ հանրության զանգվածային բողոքարկումների հանդեպ պետական ատյանների թևաթափ կեցվածքը մտահոգիչ են ու անբացատրելի: Ճիշտ է, լիազոր բոլոր մարմինները կազմել են գործառույթը դատապարտող պատշաճ արձանագրություններ, սակայն դրանք բոլորն ի վերջո խորհուրդներ են միայն և ոչ պարտադրանք: Տպավորությունն այնպիսին է կարծես սեփականատերը ապահովագրված է անպատժելիության զորավոր մուրհակով:
Մինչդեռ զավեշտալի այս ներկայացմանը վերջակետ դնելու համար գոյություն ունի օրենսդրական հստակ ճանապարհ: Այն է.

- Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գուքի նկատմամբ սեփականության իր իրավունքից: Այնուհետև Մաշտոցի պողոտայի Ցածկած Շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երևանի համայնքին:

Սա միակ օրինական ելքն է ստեղծված իրավիճակից արժանապատվությամբ դուրս գալու համար: Եվ քանի որ երևույթի հանդեպ ըմբոստացողը հանրությունն է, ապա և քրեական գործը, բնականաբար, պետք է հարուցի հանրային շահերը ներկայացնող ատյանը` քաղաքապետարանը: Սա ոչ միային մեր, հանձնաժողովի անդամների, այլև մտահոգ ողջ հանրության պահանջն է, ուղղված պետական ատյաններին, այդ թվում Երևանի քաղաքապետարանին:

Հարգանքով ու հստակ գործողությունների ձեռնարկման ակնկալիքով,
Հանձնաժողովի անդամներ`

Մկրտիչ Մինասյան Լևոն Ղալումյան

Ալբերտ Զուրաբյան Գուրգեն Մուշեղյան

Սաշուր Քալաշյան Ասլան Մխիթարյան

Լևոն Վարդանյան Աշոտ Ալեքսանյան

Սարգիս Սարդարյան Ալեքսանդր Բադալյան

Կարո Այվազյան Արսեն Առուստամյան

Գագիկ Հովհաննիսյան Հարրի Ռաշիդյան

Հրաչյա Վարդանյան