Ծրագիր՝ միգրացիայի հետեւանքների դեմ
Հայաստանում աշխատանքային միգրացիայի սոցիալական հետեւանքների վերաբերյալ տեղի ունեցած այսօրվա քննարկմանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ներկայացրեց եռամյա ծրագիր:
Ծրագրի քննարկումն անցկացվեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Յունիսեֆի, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ:
«Մարդկանց հոսքեր միշտ մենք ունենալու ենք, սակայն այն կարելի է զգալիրոեն կրճատել, եւ մենք հասկանում ենք, որ այդ կրճատումը կարելի է իրականացնել ընդհանուր երկրի սոցիալ-տնտեսական բարեփոխումների համատեքստում»,-ասում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պլանավորման բաժնի ղեկավար Արթուր Այվազովը:
Ծրագիրը, որն արդեն մեկնարկել է, ուղղված է աշխատանքային միգրանտների սոցիալական հետեւանքների մեղմացմանը եւ տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացմանը:
Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունքի, Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում: Այն ունենալու է 3 տարվա տեւողություն:
«Նախեւառաջ դա միգրացիայի բարձր ցուցանիշներն են նշված մարզերում: Երկրորդ հանգամանքը դա աղքատության ցուցանիշներն են հատկապես Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում: Իսկ Տավուշի մարզի ընտրության հարցում մենք հաշվի ենք առել նաեւ սահմամերձ լինելու հանգամանքը»,-ասում է Այվազովը:
Կլինեն սոցիալական ծառայություններ 4 թիրախային մարզերում եւ ծրագրեր միգրանտների կարիքները գնահատելու եւ այդ կարիքների հիման վրա անհատական սոցիալական ծրագրեր կազմելու գործընթացում:
«Մենք ունենալու ենք 2500 ընտրված ընտանիքներ, որոնց հետ անհատական աշխատանքներ են կատարվելու եւ ամենակարեւորը տեղական սոցիալական ծրագրերն են, որպեսզի մենք կարողանանք այդ ռիսկի ենթակա ընտանիքներին ընդգրկել լրացուցիչ սոցիալական ծրագրերի մեջ»,-ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ծրագրի ֆինասավորող կողմը լինելու է Եվրամիությունը, իսկ իրականացնողը` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: