Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսն ընդունեց ժյուրիի անդամներին

Պաշտոնական
edd819afed73136fe9226ab9fd742a0a

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին: Ամենամյա այս մրցույթ-փառատոնն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հովանավորությամբ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի:

Հանդիպման սկզբում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց փառատոնի ժյուրիի անդամներին:

Այնուհետև աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժիշտների այցը հայոց նվիրական հոգևոր կենտրոն ողջունեց և հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց «Փյունիկ» հիմնադրամին, հանձին հիմնադրամի համանախագահ և ազգային բարերար Գաբրիել Ջամբարջիի, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին` միջազգային փառատոնի անցկացման համար ներդրած գովարժան աշխատանքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ ավանդույթ դարձած այդ գեղեցիկ նախաձեռնությունը շարունակական կլինի, որի շնորհիվ խրախուսվում է երիտասարդ կատարողների տաղանդը և հարստացնվում նրանց փորձառությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայ Եկեղեցու անցած դժվարին ճանապարհին և վերջին տարիների ձեռքբերումներին ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: