Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլինի՞ արդյոք Երևանում` ինչպես Փարիզում

Տնտեսություն
87f672621e0b486458877a21cd17e6f4


Նախկին կարգի համաձայն' Երևանը չուներ ինքնուրույն բյուջե, ֆինանսական ինքնուրույն աղբյուրներ, իսկ Երևանին հատկացվող տարեկան գումարը հաստատվում էր ՀՀ պետական բյուջեում:

Քաղաքային իշխանությունները չէին կարող պլանավորել իրենց եկամուտները, ծախսերը' հաշվի առնելով քաղաքի' որպես մեկ ամբողջական համակարգի, խնդիրները: Այս առումով ժամանակավրեպ էր նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հանդիմանությունը' ուղղված այն ժամանակվա քաղաքապետ Բազեյանին, թե' "փողի վրա նստած' փող եք ուզում": Քաղաքապետարանն այն ժամանակ չուներ սեփական եկամուտներ ձևավորելու օրինական միջոցներ' բացի բյուջետային հատկացումներից:

Հարուստ և աղքատ համայնքների քաղաք

Նախկինում Երևանի առանձին համայնքներն ունեին սեփական բյուջեները, որոնք գոյանում և բաշխվում էին անհամաչափորեն: Արդյունքում համայնքները նույնպես զարգանում էին անհամաչափ, հաճախ' կախված թաղապետի քմահաճույքից և անձնական պատկերացումներից: Այդ պատճառով թաղամասերում տարբեր էին անգամ համայնքային ենթակայության հիմնարկների աշխատավարձերը, կրկին' կախված թաղապետի քմահաճույքից: Տարբեր արագությամբ էին լուծվում լուսավորության, աղբահանման, կանաչ տարածքների խնդիրները:

Շատ արագ Երևանում ձևավորվեցին հարուստ համայնքներ' Կենտրոն, Արաբկիր, որտեղ անհամեմատ մեծ էր բիզնես ակտիվությունը և համայնքային բյուջե մտնող հարկատեսակների ծավալը, իսկ մնացած համայնքների զարգացումը մեծ տեմպերով ետ էր մնում: Աշխարհում, իհարկե, կան նման մոդելներ, երբ քաղաքը կազմված է լինում մի քանի փոքր քաղաքներից, բայց այնտեղ գործում են օրենսդրական կարգավորման, այդ թվում' հարկային, բոլորովին այլ մեխանիզմներ:

Ինչպես պետք է ծախսի քաղաքը

Մայիսի 31- ի ընտրություններից հետո, քաղաքային նոր իշխանություները' ավագանին և քաղաքապետը, պետք է կազմեն հաջորդ տարվա Երևանի բյուջեն:

"Քաղաքապետը Երևանի բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում ՀՀ կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն 20 օր առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով Երևանին տրամադրվող դոտացիայի նախնական թիվը փոփոխվում է, ապա քաղաքապետը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները: /մեջբերում օրենքից/

Բյուջեի կատարումը վերահսկում է Ավագանին: Ավագանու հաստատումից հետո քաղաքապետը կարող է որոշ վերաբաշխումներ անել տարբեր ծրագրերի միջև' ընդհանուր գումարի ընդամենը 5 տոկոսի չափով, ինչպես նաև' յուրաքանչյուր ծրագրում գումարի 17 տոկոսը չգերազանցող վերաբաշխումներ անել հոդվածների միջև:

 

Երևանի բյուջեն ունի նաև պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չնախատեսված ծախսերի կամ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

 

Պահուստային ֆոնդերը կարող են oգտագործվել միայն ավագանու որոշմամբ:

 

Երևանի բյուջեն բաց է և պետք է հրապարակվի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Այսինքն' մենք' քաղաքացիներս, կարող ենք տեսնել, թե ինչի համար որքան գումար է նախատեսվում ծախսել տվյալ տարում, և որոշել' արդարացի՞ են այդ ծախսերը, թե՞ ոչ:

 

Կլինի՞ արդյոք Երևանի անկախ բյուջեն սոցիալական ուղղվածության, թե՞ ծախսերը հիմնականում կուղղվեն շինարարությանը, բարեկարգմանը, կամ գուցե ինչ-որ "հանդիսավոր միջոցառումների", ինչպես հաճախ պատահում է:

 

Իսկ Փարիզում...

 

Բոլորիս սիրելի Փարիզ քաղաքում, օրինակ, 2003 թվականի քաղաքային բյուջեն այսպիսի տեսք է ունեցել. ընդհանուր ծավալը' 6.9 միլիարդ եվրո' մոտ 3200 եվրո' մեկ փարիզեցու հաշվարկով:

Բյուջետային յուրաքանչյուր 100 եվրոն բաշխվում էր հետևյալ կերպ.

  • 29 - սոցիալական կարիքների համար
  • 18 - կրթության, մշակույթի և սպորտի համար
  • 15 - վարչական ծախսեր
  • 15 - ջրի, մաքրության պահպանման, այգիների, պուրակների և այլ կանաչ տարածքների համար
  • 11 - ճանապարհների, քաղաքային տնտեսության և բնակֆոնդի պահպանման համար
  • 6 - հասարակական տրանսպորտի համար
  • 6 - անվտանգության պահպանման համար

Կտուժի՞ արդյոք երևանցին

 

Արդյո՞ք քաղաքի' առանձին բյուջե ունենալը կավելացնի քաղաքացիների կամ մանր ու միջին բիզնեսի հարկային բեռը:

Նման մտավախությունն իրականում հիմք չունի, քանի որ օրենքը որևէ կերպ  չի նախատեսում հարկային  դրույքաչափերի փոփոխություն: Պարզապես հարկվող այն գումարները, որոնք նախկինում գնում էին համայնքային բյուջեներ, այսուհետ գնալու են Երևանի մեկ միասնական բյուջե: Սա ունի մի քանի առավելություն, որոնցից ամենակարևորը քաղաքի համաչափ զարգացման հնարավորությունն է, և երկրորդը' վերահսկելիության մակարդակի բարձրացումը:

 

Երևանի բյուջեն ձևավորվելու է մի շարք սեփական աղբյուրներից, ինչպես նաև լինելու են.

-         պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.

-         պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)

-         այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհներ,

-         վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, ընդ որում' քաղաքապետարանի թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ:

 

Բյուջեի սեփական աղբյուրները շատ բազմազան են. ներկայացնենք այն հիմնականները, որոնք առավել հետաքրքիր են շարքային ընտրողին.

-         հողի հարկ՝ Երևանի վարչական տարածքում գտնվող հողի համար.

-         գույքահարկ՝ Երևանի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

-         Երևանի տարածքում գանձվող եկամտահարկից մասհանումներ.

-         Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումներ.

-         բնապահպանական վճարներից մասհանումներ.

-         պետական տուրք' քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու,

-         պետական տուրք' նոտարական գրասենյակների ծառայությունների համար,

-         տեղական հարկեր, տուրքեր և վճարներ.

-         Երևանի սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ,

-         Երևանի սեփականություն համարվող այլ գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.

-         վարչական իրավախախտումների համար քաղաքապետարանի կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.

-         քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող և Երևանի բյուջեի եկամուտներին հաշվանցման ենթակա վճարներ.

-         Այլ, ներառյալ' գույքի օտարումից և տարբեր ապրանքների ու նյութական արժեքների իրացումից ստացված միջոցներ:

 

Այս դեպքում արդեն քաղաքը կունենա իրոք "փող աշխատելու" հնարավորություն: Սակայն շատ կարևոր է, որ մեր Ավագանու' պետության կողմից չվճարվող անդամներն իրոք անշահախնդիր գտնվեն և բյուջեի բաշխումը կատարեն' ելնելով միմիայն քաղաքի ու նրա բնակիչների կարիքներից: