Տնտեսության վաղվա օրը՝ երիտասարդների աչքերով
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը այսօրվանից մինչեւ 28-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնեն «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները և խոչընդոտները» խորագրով գիտաժողովը։
Եռօրյա գիտական տնտեսական զեկույցների քննարկումների միջոցով կգնահատվի և երիտասարդության աչքերով կկանխատեսվի Հայաստանի տնտեսության վաղվա օրը՝ զուգահեռներ տանելով մեր երկրի տնտեսական անցյալի և ներկայի միջև:
Կհնչեն ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող 30 զեկույցներ։ Կարծարծվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի վերլուծությունը, տնտեսության մասնավորեցումը ՀՀ-ում, մարքեթինգային, գովազդային գործունեության առանձնահատկությունները մեր երկրում, ԵՄ-ՀՀ տնտեսական համագործակցության հեռանկարները, միգրացիայի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և այլն։
Տնտեսագիտական համալսարանի ուսանողները գիտաժողովի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պաշտոնատար այլ անձանց հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։