Էդվարդ Նալբանդյանի լոնդոնյան օրակարգը
Երեկվանից մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագարավորություն:
Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ Էդվարդ Նալբանդյանն ու Ուիլյամ Հեյգը հանգամանալից քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, որը համատեղ ջանքերով կարելի է առաջ մղել և կարևորեց տարբեր ոլորտներում վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը:
Զրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ համատեքստում, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը, ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի և կառուցողականության դրսևորման պարագայում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում։ Այս ենթատեքստում Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղարը իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Հայաստանի արտգործնախարարի լոնդոնյան օրակարգը ներառում էր նաև հանդիպումներ Միացյալ Թագավորության խորհրդարանում:
Էդվարդ Նալբանդանի հանդիպեց Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ, որին մասնակցում էր նաև Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին այդ ձևչափով կապերն ակտիվացել են:
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ, որտեղ հանդիպում ունեցավ բանկի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր փոխանակվեցին տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։
Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և ծրագրերի քննարկմանն էր նվիրված Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ։
Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցությունների ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։
Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի խորհրդարանականներին մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։