Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսն օրհնեց Մոնսերատ Կաբալյեին

Պաշտոնական
da997380747d1715c2df334b4714a18c

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակը։

Վեհափառ Հայրապետը ողջունեց Մոնսերատ Կաբալյեի այցը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինª նշելով, որ նրա ներկայությունը մեծ խանդավառություն ու ոգևորություն է առաջացրել հայ ժողովրդի զավակների մոտ, ովքեր առանձնակի սեր ունեն երաժշտության հանդեպ:

Խոսելով Հայաստան կատարած այցելությունից ստացած իր տպավորությունների մասին՝ Մոնսերատ Կաբալյեն իր հերթին նշեց, որ այս այցելությունն իր համար ուխտագնացություն է՝ Հայաստանն անվանելով քրիստոնեական հավատի բաց սիրտը:

Ջերմ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայոց Եկեղեցու պատմությանը, հայ ժողովրդի կյանքում Եկեղեցու դերակատարությանը, հայ հոգևոր երաժշտությանը և մարդկության կյանքում քրիստոնեական հավատի ու արժեքների կարևորությանը: Կարևորվեց նաև երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց աշխարհահռչակ երգչուհուն:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ում ուղեկցությամբ տիկին Կաբալյեն այցելեց նաև Մայր Տաճար և Մայր Աթոռի թանգարաններ: