ԱՆ ներկայացուցիչը՝ հնարավոր համաճարակի մասին
«Ջրծաղիկի դեպքեր Հայաստանի հանրապետությունում կան, բայց ասել, թե համաճարակ կա՝ սխալ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Նա հավելեց նաեւ, որ անգամ նախորդ տարիների հետ համեմատած նվազեցման միտում կա. « Ջրծաղիկը տարածված է ամբողջ աշխարհում։ Այն անկառավարելի վիրուս է։ 100,000 բնակչի հաշվարկով՝2013 թ-ին ջրծաղիկով վարակվել են միայն 0,04 տոկոսը։ Այնինչ 2012-ին հիվանդների թիվը՝ 0,8 տոկոսն է եղել, իսկ 2011-ին՝ 1,2 տոկոսը»։
Կարմրուկի համաճարակ, ըստ նրա, Հայաստանում նույնպես չկա։ Գրանցված դեպքերը միայն 4-ն են։ Նրանց վարակի աղբյուրը եղել են Վրաստանի բնակիչներ կամ Վրաստանից վերադարձած անձինք։ Ինչ վերաբերում է Վրաստանում կարմրուկի համաճարակին, ապա Գայանե Սահակյանը ասաց. «Վրաստանում վիճակը կայունանում է։ Կարմրուկի դեպքերը կտրուկ նվազել են։ Եթե ուզում եք գնալ Վրաստան հանգստանալու, կարող է հանգիստ գնալ, քանի որ, եթե մարդը մի անգամ կյանքում պատվաստվել է կամ նախկինում մեկ անգամ հիվանդացել է, դա ամբողջ կյանքի ընթացքում կայուն իմունիտետ է առաջացանում եւ վարակման վտանգ չկա»։
Առողջապահության նախարարությունը միայն խորհուրդ է տալիս, որ եթե մարդիկ չեն պատվաստվել կամ չեն հիվանդացել, ապա, անպայման, Վրաստան մեկնելուց առաջ՝ զգուշության համար պատվաստվեն։ Ի դեպ, պատվաստումը բոլոր պոլիկլինիկաներում անվճար է։
Պատվաստանյութերին եւս իմունիզացիայի ազգային ծրագիր ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում։ Նրա հավաստմամբ պատվաստանյութերը Հայաստան են գալիս միայն Ֆրանսիայից ու Բելգիայից։ Նրանք ունեն 3 տարվա պիտանելիության ժամկետ։