Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կբացվի ֆրանսիական լիցեյ

Պաշտոնական
6d5d003938b7e43b376a9a6740a7715d

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ստորագրել են կրթական համագործակցության հուշագիր՝ Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ:

Ներկայացնելով և կարևորելով նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հուշագրի վավերացմամբ հնարավորություն է ստեղծվում Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում, ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի, խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի ներդնումը:

«Այս փուլում թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարան կձևավորվի, զուգահեռ աշխատանքներ կտարվեն կրթության բովանդակության ձևավորման, մասնագետ-ուսուցիչների վերապատրաստման և Հայաստանի հանրակրթության ոլորտի ֆրանսերենի դասավանդման լավագույն փորձը կենտրոնացնելու ուղղությամբ",- նշել է նախարարը և հավելել, որ դպրոցի լավագույն շրջանավարտները, ըստ համաձայնագրի, բացի ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական վկայականից, կստանան նաև ֆրանսիական կողմից տրված համապատասխան վկայական, որը կհավաստի աշակերտի լեզվական իմացության համապատասխան մակարդակը: Նախարարը նաև շեշտել է, որ դա հնարավորություն կընձեռի ֆրանսիական լիցեյի շրջանավարտներին ընդունվել Ֆրանսիայի լավագույն բուհեր:

Ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև՝ Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է. «Մեր հիմնական նպատակը՝ Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ Հայաստանում լիարժեք ֆրանսիական լիցեյի կայացումն է: Ֆրանսիայի նախկին նախագահ պարոն Սարկոզին այս գաղափարի մասին խոսել է Երևանի ֆրանսիական հրապարակում՝ հայ հասարակության ներկայությամբ: Սա դժվարին աշխատանք է, սակայն ես վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը համատեղ ջանքերով լավագույնս կյանքի կկոչվի»։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ևս կարևորել է Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու գաղափարը՝ շեշտելով, որ Հայաստանում իր գործունեության երկու տարիների ընթացքում արդեն երրորդ պայմանագիրն է ստորագրվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

Դեսպանը նշել է, որ այս պահին դրվում է ֆրանսիական լիցեյի հիմնադրման առաջին քարը:

Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։