Տուրիզմի մասնագետները քիչ են
Հայաստանը զբոսաշրջության համար ավելի գրավիչ դարձնելու համար նախ պետք է լուծել ոլորտի մասնագետների խնդիրը:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը կարծում է, որ մասնագետների պակասն այսօր ամենալուրջ խնդիրներից մեկն է:
Չկան համապատասխան մասնագետներ, այդ իսկ պատճառով էլ հայկական զբոսաշրջության գոտիներում մատուցվող ծառայությունները քիչ են, իսկ գները բարձր: «Այսօր մեզ մոտ չնչին են այն մարդիկ, ովքեր կարող են երկիրը ներկայացնել: Դրա համար անհրաժեշտ է, որ ոլորտի աշխատողները համապատասխանեն միջազգային ստանդարտներին»,- ասաց Ռոբերտ Մինասյանը:
Զբոսաշրջության զարգացման համար լուծում պահանջող մեկ այլ կարևոր խնդիր է տուրիստական ռեսուրսի կադաստր ստեղծելը:
Այս դեպքում հնարավոր կլինի ուսումնասիրել, թե որ մարզում տուրիստական ինչպիսի գոտի կարելի է ստեղծել: «Հնարավոր չէ միանգամից հանրապետության ողջ տարածքը ուսումնասիրել: Պետք է սկսել այն մարզերից, որտեղ ամենաշատն են կուտակված զբոսաշրջության զարգացման հնարավորությունները»,- ասաց Ռոբերտ Մինասյանը, բայց անուն չտվեց։
Զբոսաշրջության զարգացմամբ, ըստ պարոն Մինասյանի, ամենաշատը պետք է շահագրգռված լինեն ՏԻՄ ղեկավարները:
Բացի այն, որ Հայաստանը ծառայությունների շատ բարձր գների պատճառով նույնիսկ տեղացիների համար շահավետ զբոսաշրջության վայր չէ, հայերի համար խնդիր է նաև իրենց հանգիստը արտերկրում կազմակերպելը: Այսինքն` մի երրորդ երկրում օտարերկրացի զբոսաշրջիկը տուրօպերատորներից օգտվելիս ավելի էժան է վճարում իր հանգստի համար, քան հայ զբոսաշրջիկը:
Ռոբերտ Մինասյանը այս խնդիրը կապում է տուրօպերատորների գործելաոճի հետ:
«Տուրօպերատորն այն է, որը ստեղծում է տուրիստական ապրանք, իսկ կան այնպիսիք, որ պայմանագրային չեն աշխատում: Այսինքն` միջնորդ են օրինակ ռուսաստանյան կամ այլ օպերատորների: Սրանք ուղիղ կապ չունեն ընդունող երկրների տուրօպերատորների հետ: Թանկ գներ առաջարկելով, նրանք մի մասը պահում են իրենց»,- ասաց Ռոբերտ Մինասյանը: