Արագ սնունդ, համակարգիչ ու...անառողջ սերունդ (տեսանյութ)
Հայաստանում 1990 թվականից հետո ծնվածներն առողջական բազմաթիվ խնդիրներ ունեն։
Դեռահասների շրջանում տարածված են հատկապես տեսողության եւ կեցվածքի հետ կապված խնդիրները։ «Ա1+»-ի հետ զրույցում «Արաբկիր» բժշկական համալիրի դեռահասների և երեխաների առողջության ինստիտուտի դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան։
«Կա խնդիր նաև երեխաների վարքագծի հետ, երեխաներն ավելի ագրեսիվ են դարձել»,- նշեց նա։
Մասնագետը վստահեցնում են այսօրվա դեռահասները իրենց կազմվածքով տարբերվում են մինչեւ 90- ական թվականները ծնվածներից։
«Ունենք սնուցման խնդիր, կարծես թե այսօր տեսնում ենք փողոցներում և տեսնում ենք նաև հիվանդանոցում, որ ավելի նվազ են, ավելի կարճահասակ են, դա կապված է նաև սննդի հետ։ Ունենք անառողջ սննդային վարքագիծ»,- նշեց «Արաբկիր» բժշկական համալիրի դեռահասների և երեխաների առողջության ինստիտուտի դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան։
Քաղցրավենիք, գազավորված քաղցր ըմպելիքներ օգտագործելուն, արտաքին միջավայրի ոչ բարենպաստ գործոններին զուգահեռ, դեռահասները չեն զբաղվում նաև սպորտով, 2 ժամից ավել անցկացնում են հեռուստացույցի եւ համակարգչի առջև, որը նույնպես ազդում է առողջության վրա։
«Մենք այսօր ունենք մի վարքագիծ, երբ երեխաները չեն ուզում գնալ ֆիզկուլտուրայի դասերին, մատների արանքով են նայում»,- փաստեց նա։
Բժշկուհի Մարինա Մելքումովայի խոսքերով, եթե դեռահասները և իրենց ծնողները չփոխեն առողջության նկատմամբ իրենց վերաբերմունքը, ապա մեր ազգաբնակչության կյանքի տեւողությունը կնվազի։
Կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը «Ա1+»-ին հայտնեց, որ մեզ մոտ, դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան դասավանդվում է շաբաթական 3 օր՝1-10-րդ դասարանցիների համար։