Ռուբեն Հայրապետյանը ավելի շատ բլոգերի էր սպասում
ՀՖՖ հաղորդագրությունը.
Ինչպես նախապես տեղեկացվել էր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ աննախադեպ հրապարակային առաջարկ էր արել հայաստանյան բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչներին՝ հանդիպել եւ ազատ շփման ձեւաչափով քննարկել հայկական ֆուտբոլին, Հայաստանի ազգային հավաքականին եւ ընդհանրապես ֆուտբոլային տիրույթին վերաբերվող ցանկացած հարց:
ՀՖՖ նախագահը բազմիցս կարեւորել էր այն հանգամանքը, որ հարկավոր է դուրս գալ վիրտուալ տարածքից, վիրտուալ ֆուտբոլասիրությունից եւ խնդիրներին նայել ավելի խորքից, ավելի տեղեկացված լինելով, որպեսզի հարցադրումները լինեն փաստարկված եւ լուծումները նպաստեն հայկական ֆուտբոլի զարգացմանը:
Թեեւ ՀՖՖ գրասենյակում սպասում էին շատ ավելի մեծ թվով մարդկանց, բայց հանդիպումը կայացավ բլոգոսֆերայի եւ սոցիալական ցանցերի 25 ներկայացուցիչների հետ եւ տեւեց մոտ 3,5 ժամ:
Տեղի ունեցավ հանգամանալից, հետաքրքիր զրույց հայկական ֆուտբոլի խնդիրների շուրջ:
Գրեթե բոլոր այն հարցադրումները, որ քննարկվում են վիրտուալ հարթակում՝ բլոգոսֆերայում, հանրահայտ ֆուտբոլային ֆորումներում, սոցիալական ցանցերում, արծարծվեցին հանդիպման ժամանակ:
ՀՖՖ նախագահը պատասխանեց բացառապես բոլոր հարցերին, տեղի ունեցավ հանգամանալից քննարկում: Առաջարկներ ներկայացվեցին նաեւ հանդիպման մասնակիցների կողմից, որոնք նույնպես բազմակողմանիորեն քննարկվեցին:
ՀՖՖ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին քննարկմանը եւ նշեց, որ այսպիսի հանդիպումներն ավելի հաճախակի կլինեն:
Ի դեպ, լրագրողների համար քննարկումը փակ էր։