Ծերանոցը ֆինանսական խնդիրներ ունի
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Նարեկ» ծերանոցը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած:
«Հիմա մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ թոշակները քիչ են, սննդամթերքը թանկ է, վերանորոգման կարիք ունենք, տանիքը կաթում է, վերանորոգումից անցել է 10 տարի, խողովակներից ժանգոտ ջուր էր գալիս, սակայն հիմա վերանորոգել ենք»,- այսօր ասաց ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը:
1999թ. բացված ծերանոցը գործում է հին և խարխուլ շենքում: Տուն-ինտերնատը գործում է Միքայելյանների ընտանիքի և ծերերի կենսաթոշակների միջոցներով: Բոլոր աշխատողներն էլ Միքայելյանների ընտանիքի անդամներն են:
Միքայելյանների ընտանիքը աջակցություն է փնտրում ոչ միայն ծերանոցի վերանորոգման համար, այլև ծերերի խնամքը կազմակերպել:: «Եթե մեր ունեցած փողերի հետ միասին ամեն ամիս 300-400 հազար դրամ էլ եթե լինի, մեզ լիովին կբավարարի»,- ասաց ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը:
Ֆինանսական աջակցության դեպքում նրանք կարողանան նաև մի քանի աշխատող պահել: Այսօր, բացի ընտանիքի անդամներից ծերանոցում ոչ ոք չի աշխատում. «Խոհարարը մեր հարսն է` 31 տարեկան երիտասարդ է, ով արդեն 15 տարի աշխատում է ծերանոցում»:
Միքայելյաններն ասում են` եթե նույնիսկ ֆինանսական օգնություն չի տրամադրվում, իրենց խնդիրները ինչ-որ չափով կպակասեն այն դեպքում, երբ ծերանոցն ազատվի ավելացված արժեքի հարկից, իսկ թոշակառուներին իրենց հասանելիք նպաստները տան: Տուն-ինտերնատում ապրում են նաև առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամներ, որոնք հաշմանդամության կարգ ունեն, բայց նպաստ չեն ստանում:
«Ունենք թոշակառուներ, ովքեր 13 հազար դրամ թոշակ են ստանում, որ տասը հազար դրամ էլ նպաստ ստանան, խնդիրը կկարգավորվի: Դիմում ենք կառավարությանը, ասում են` որոշում կա, որ ծերանոցներին պետք է նպաստ չտան: Հաշվի չեն առնում նաև, որ սա մասնավոր ծերանոց է, և պետության կողմից չի ֆինանսավորվում»,- ասաց ծերանոցի նախագահը:
Ծերանոցի 36 բնակիչներից յոթը անկողնային հիվանդներ են, իսկ բժիշկ կամ բուժքույր չկա այնտեղ: Ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը վստահեցնում է, որ հիվանդներին խնամում է անձամբ: «Մենք էլ ենք թոշակառուներ: Մեր բնակարանը թողել և տեղափոխվել են ծերանոց: Գիշերում են այնտեղ, քանի որ ամեն րոպե ծերերը կարող են օգնության կարիք ունենալ: Միասին ապրում ենք»,- ասաց տնօրենը: