Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հրդեհն ու շիջումը

Հասարակություն
5fca175c77f2d1d84cf1bb060d4ce5a6

 

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ կիսակառույց-կիսանորոգ եկեղեցու գմբեթի տախտակամածի եւ վեղարի ներսի տախտակամածների` այսօր, 18:45-ին բռնկված հրդեհը հանգցրին համաժողովրդական ջանքերով ժամը 20:25-ին: Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է: Այսօր շինարարական աշխատանքներ են շարունակվել գմբեթի մասում, չի բացառվում, որ կրակի պատճառը անփութությունն է:

Կրակը սկիզբ էր առել գմբեթի գագաթնային մասում, հրշեջ առաջին ավտոմեքենան փորձեց հանգցնել այն` հրապարակի կողմից, սական մի կողմից ջրի շիթը չէր հասնում գագաթին, իսկ մյուս կողմից` քամին համընթաց էր ու կրակն սկսեց տարածվել դեպի հակառակ կողմը` զինկոմի ուղղությամբ: Մոտեցան եւս երկու հրշեջ մեքենաներ, սակայն հրդեհի հանգցնելուն ձեռնամուխ էին եղել հիմնականում քաղաքացիները, թաղի ժողովուրդը եւ նախկին  քաղաքապետ Վ.Ղուկասյանի մերձավորները: Դեպքի վայրում էին նաեւ Գյումրու քաղաքապետի տեղակալ Գ.Մալխասյանը, եւ կոմունալ բաժնի պետ Կ.Մանասյանը: Տեսնելով, որ ջրի շիթը չի հասնում մինչեւ գմբեթ, ջրի փողրակը կապեցին շինարարական կռունկի զամբյուղին եւ կռունկը մարդկանց հետ այն հասցրեց մինչեւ գմբեթի գագաթը: Մոտ մեկուկես ժամ տեւած աշխատանքից հետո, հրդեհը հնարավոր եղավ հանգցնել, գմբեթը դեռ ամբողջությամբ կառուցված ու բետոնածածկ չէր, եւ գագաթի տախտակների այրվելուց հետո հրդեհը անցքով անցել էր ներս (գուցե ներսից էր ելել` առայժմ պարզ չէ)` վեղարի տակի տախտակամածին, որը, այրվեց ամբողջությամբ, սական շինության վնաս չհասցվեց:

Հրշեջ փողրակները մի քանի տեղերից ծակ էին այնպես, որ գետնից մինչեւ գմբեթ 50 մետր երկարության վրա կորում էր ջրի գրեթե 30 տոկոսը, մի մեքենայի ջուրը բավարարում էր հազիվ քառորդ ժամ, մոտակայքում չկային հրշեջ հիդրանտներ, որոնք ամեն քայլափոխի կային Սովետական Միության ժամանակ: Քաղաքացի-հրշեջները` հիմնականում ջահելություն եւ մի քանի շինարար, հաղթանակած տրամադրությամբ ավարտեցին շիջումն ու իջան ներքեւ` նախկին քաղաքապետի հետ կիսակառույց եկեղեցում աղոթելու:

Սբ.Ամենափրկիչը Հայաստանի ամենաբարձր եկեղեցիներից մեկն է` 44 մետր: Այն կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ` 1859-1873 թվականներին` գյումրեցիների հանգանակությունների եւ նվիրատվությունների միջոցով:

Asparez.am