ՃՈ. Երեւանում կլինի «խոսող» խաչմերուկ (տեսանյութ)
Մի քանի շաբաթից Երեւանում՝ Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկը կկահավորվի այնպիսի լուսացույցով,որը հնարավորություն կտա կույր կամ թույլ տեսողությամբ քաղաքացիներին ավելի հեշտությամբ հատել ճանապարհը: Որպեսզի լուսացույցը խոսի, Ճանապարհային ոստիկանության թույլտվությամբ առկա լուսացույցում կտեղադրվի հատուկ սարք, որը ձայնային ազդանշաններով կհաղորդի, թե երբ կարելի է հատել փողոցը: «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը հայտնեց, որ առաջիկայում հատուկ սարք է բերվելու արտերկրից՝ լուսացույցին ձայնային ազդանշաններով «օժշտելու» համար: Եգոր Կարապետյանը վստահեցնում է, որ եթե փորձնական լուսացույցը տա ցանկալի արդյունքը, ապա մայրաքաղաքի մնացյալ ,այսինքն 205 խաչմերուկներն էլ կկահավորվեն խոսող լուսացույցներով: Ազդանշանները ավելի արագ կհնչեն այն պահին, երբ մոտենում է լույսը փոխվելու պահը: Դեռեւս հայտնի չէ, թե ինչքան գումար կպահանջվի նման լուսացույցների համար: Ըստ պարոն Կարապետյանի , այդ հնարավոր կլինի ասել առաջին փորձնական խոսող նմանատիպ սարքի տեղադրումից եւ մասնագիտական հաշվարկներից հետո: Դրանից հետո նաեւ պարզ կլինի՝ այդ սարքերը կներկրվե՞ն, թե՞ կպատվիրվեն տեղացի մասնագետներին: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանում խոստացել են, որ առաջիկայում ավտոբուսներում կհաղորդվեն կանգառների անվանումները, ինչպես օրինակ մետրոյում է: