Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար բժշկական հետազոտություններ

Հասարակություն
39db96dd2bc09e2ccd4a890003977991

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների կողմից մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել և անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ:

Առողջական որոշակի խնդիրներ ունեցող անօթևաններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվելու է դեղորայք, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն` հետագա բուժումը շարունակելու:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար` խնամքի տակ գտնվող անօթևանները նշել են, որ տևական ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով հնարավորություն չեն ունեցել այցելել բժշկի, կամ դեղորայք գնել: 

Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ 2011 թվականի դեկտեմբերից Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկած ծրագրով պարբերաբար նմանօրինակ առողջապահական միջոցառումներ են կազմակերպվել: Բացի այդ, առողջական յուրաքանչյուր խնդրի դեպքում կացարանում բնակվող անօթևաններին քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: 

Ռուզաննա Զաքարյանը նաև նշել է, որ մինչ օրս կացարան է տեղափոխվել 188 անօթևան: Քայլեր են ձեռնարկվել նաև անօթևանների զբաղվածության հարցի լուծման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ: Ըստ այդմ, 30 շահառու, աշխատանք գտնելով, անցել է ինքնուրույն է կյանքի: Սոցիալ-հոգեբանական աշխատանքների շնորհիվ 38-ը վերադարձել է ընտանիք, 8 հոգի էլ, ժամանակավոր կացարանում նոր ընտանիք կազմելով, տեղափոխվել են վարձակալած բնակարաններ, ևս 6-ը՝ մասնագիտացված տուն-ինտերնատ: ՀՀ մարզերից եկած և ՌԴ քաղաքացիություն ունեցող 13 անօթևան էլ վերադարձել են իրենց բնակավայր: Այժմ կացարանում բնակվում է 44 շահառու:

Երևանի քաղաքապետարանի և հայ-դանիական <<Հանս Քրիստիան Կոֆոեդ>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում լուծվել են անօթևանների ոչ միայն կացարանի, այլև սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն