Ատոմակայանի սթրես-թեստի արդյունքը դեռ չկա
Քանի դեռ չկան Մեծամորի ատոմակայանում նախորդ տարի անցկացված սթրես-թեստերի արդյունքները, ավելորդ է խոսել դրա փակման ժամկետի մասին։ Սթրես-թեստերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հաշվետվությունը դեռ գտնվում է վերանայման և վերագնահատման փուլում։
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության բաժնի պետ Աիդա Ավետիսյանը «Ա1+»-ին հայտնեց,որ այն Եվրամիությունը պաշտոնապես ներկայացվելու է այս տարվա վերջին։
«Այնպես, որ ԵՄ-ն շտապողականություն է ցուցաբերում, ներկայիս գնահատականը շտապողական է և նրանք իրավասու չեն վերջնական եզրահանգումներ անել»,- հավելեց նա։
Նշենք, որ դեռևս 2012թ. Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի զեկույցում հայկական կողմին հորդորվում էր աշխատել Մեծամորի ատոմակայանը հնարավորինս վաղ փակելու ուղղությամբ և ընդունել կայանի շահագործման դադարեցման մանրակրկիտ ծրագիր` հաշվի առնելով 2012 թվականի սթրես-թեստերի զեկույցի արդյունքները: