Փրկարարները կանխել են դժբախտ պատահարը
Նկատվել է օձ
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի Շոպրոնի 21 շենքում՝ Լազերային տեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտում:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Ուսումնասիրության արդյունքում` նշված հասցեում օձ չի հայտնաբերվել:
Օձը վնասազերծված է
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Արթիկի Իսահակյան 8 տան բակում:
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Գոյացել է փոս
Հուլիսի 11-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղի թիվ 9 տան բնակիչ Վարազդատ Կոստանյանին պատկանող տնամերձ հողամասում փոս է գոյացել:
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում` հողամասում առաջացել է 0,4 քմ մակերեսով և 3 մ խորությամբ փոս: Բնակչին առաջարկվել է փոսը լցնել հողով և սահմանազատել տարածքը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:
Այրվել են պարկեր
Հուլիսի 11-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի 43 հասցեի մոտ այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մանգուգ» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել՝ 15.28-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 0,5 քմ մակերեսով և 100 պոլիէթիլենային պարկ:
Փրկարարները կանխել են դժբախտ պատահարը
Հուլիսի 11-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի 23 շենքի 7-րդ հարկի պատշգամբի երկաթյա կառուցատարրին կանգնած է քաղաքացի, կա ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և ավտոսանդուղքը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1959 թ. ծնված Մ. Ասատրյանը կախվել է Խաղաղ Դոնի 23 շենքի 215-րդ բնակարանի պատշգամբի լուսամուտի բազրիքից:
Փրկարարները և հրշեջ-փրկարարները անվտանգ և անվնաս իջեցրել են Մ. Ասատրյանին:
Հայտնաբերվել է դի
Հուլիսի 11-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի 2 շենքի 18-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1938 թ. ծնված Վարդան Սարգսյանի դին:
Օձի խայթոց
Հուլիսի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1998 թ. ծնված, Հակկո գյուղի բնակիչ Թեյմուր Հասոյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ամրացրել են երկաթյա թիթեղները
Հուլիսի 11-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձում¬յան 119 շենքի մոտակա շինության տանիքի թիթեղները կախվել են, կա ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կախվել են Վ. Համբարձումյան 18 շենքի տանիքի թիթեղները:
Փրկարարները ամրացրել են տանիքի երկաթյա թիթեղները՝ 1.5 քմ մակերեսով:
Ճանապարհը երթևեկելի է
Հուլիսի 11-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լիսինյան-Միչուրին փողոցների խաչմերուկում ծառ է շրջվել և ճանապարհահատվածը դարձել է անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները մասնատել են ծառը, և Էրեբունու վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները տեղափոխել են այն անվտանգ տարածք:
Այրվել է անասնակեր
Հուլիսի 11-ին, ժամը 03.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քարակերտ գյուղի Բարեկամության 7 տան մոտակա ավտոտնակի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.02-ին, մարվել՝ 04.56-ին:
Այրվել է Տ. Գալոյանին պատկանող 200 հակ անասնակեր:
Հողաշերտի փլվածք
Հուլիսի 11-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ-ում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (երկարությունը 6մ, լայնությունը 5 մ, բարձրությունը 0,7 մ):
Հրշեջ-փրկարաները սահմանազատել են նշված հատվածը, իսկ «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցները կատարել մաքրման աշխատանքներ:
Ժամը 05.54-ին ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Մեքենան հայտնվել է ժայռաբեկորի վրա
Հուլիսի 11-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի - Գեղհովիտ ավտոճանա¬պարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, սակայն անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգմանքներում «Գրանդ Չերոկի» մակնիշի 92 NN 092 պ/հ (վարորդ` Ա. Մարգարյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ժայռաբեկորի վրա:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Մեքենան ընկել է ջրափոսը
Հուլիսի 11-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Աղայան փողոցում ավտոմեքենան ընկել է ջրափոսը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` «Ֆորդ» մակնիշի 33 ՕՕ 577 պ/հ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ջրափոսից:
Այրվել են խոտածածկ տարածքներ
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտ այրվել է 30 ծառի կոճղ և 2000 քմ խոտ, Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 10 դպրոցի մոտ` 1000 քմ, Երևան - Արտաշատ ավտոճանապարհին` 1,1 հա խոտ:
Հրդեհները մեկուսացվել են, մարվել: