Ե՞րբ վահանակը կասի ավտոբուսի գալու ժամը
Խոստացված էլեկտրոնային 100 չվացուցակների փոխարեն Երևանում այս ամիս կտեղադրվեն և կգործակվեն ընդամենը 20-ը: Հաջորդ խմբաքանակի` ավելի քան 30 չվացուցակների ներկրումը կիրականացվի մինչև սեպտեմբերի վերջ; Ըստ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանի ՝ չվացուցակների գործարկումն ուշանում է ներկրվող համակարգերի պիլոտային՝ գործարանային փոփոխությունների պատճառով։
«Արտերկրում օգտագործում են լուսադիոդային պարզ էկրաներ, իսկ Երևանի տարբերակում օգտագործվում են Full HD բարձր խտությամբ էկրաններ, որը հնարավորություն է տալիս բացի էլեկտրոնային չվացուցակի տեղեկատվությունից, այսինքն` ավտոբուս ժամանմանը մնացած րոպեների ցուցադրությանը, ցույց տալ նաև քարտեզի վրա ավտոբուսի դիրքը, եղանակի տեսություն, արտարժույթի փոխարժեք, ինչպես նաև տարաբնույթ տեսանյութեր»,- «Ա1+»-ին ասաց պարոն Մանուկյանը։
Չվացուցակների համակարգի տեղադրումն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից, ըստ այդմ` ստացված շահույթն էլ տնօրինելու է մասնավոր ընկերությունը: Նախագիծը մշակվել է 2012թ.-ին` քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ: