Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղցիները կդժգոհեն, բայց չեն բողոքի (տեսանյութ)

Հասարակություն
abf21cd02a74e4f48f04005025b531a6

Ստեփանակերտը Հայաստանում տեղի ունեցած թանկացումներից հետ չի մնում։ Հերթը տրանսպորտինն է։ «Անխուսափելի է թանկացումը տրանսպորտի, նշեմ նաեւ Ստեփանակերտում»,-ասում է ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը։ Անխուսափելի է, բայց, ըստ Արցախի վարչապետի, դա տեղի կունենա 2014 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ, ուղեւորատոմսը քաղաքային տրանսպորտում 70 դրամից կդառնա 100 դրամ։

«Մեր հաշվարկներով 85-90 դրամի մոտ էր»,-բարձրացման վերլուծություններն է ներկայացնում վարչապետը։Թանկացման պատճառների մեջ հայաստանցու համար նորություն չկա՝ ավտոբուսները ձեռք են բերվել վարկով, պահեստամասերը թանկ են, վառելիքը թանկ է, իսկ գծատերերին շահույթ է պետք. «Ոչ թե գերշահույթ, այլ շահույթ»։Պարոն Հարությունյանն ասում է, որ մինչեւ հունվարի 1-ը կբարձրացնեն թոշակներն ու աշխատավարձերը, հետո նոր քաղաքային տրանսպորտի ուղեւորվարձը։ Ստեփանակերտցիներն հանգիստ են տեղեկանում ուղեւորվարձի թանկացման մասին լուրին, մի քանի ամիս առաջ 50 դրամ էր, դարձավ 70։

100 դրամ դառնալու դեպքում հազիվ թե փողոց դուրս գան դժգոհելու։ «Է~, օրեկան բարձրացնում են, ո՞վ ա դուրս գալիս, ինչ ասում»,-ասում է քաղաքացիներից մեկը։ Մյուսը շարունակում է. «Մունք պասիվ ենք, չենք բողոքում ոչ մի բանի համար»։ «Մենք համբերող ենք»։ «Սա իրանց ձեռն ա, ինչ կուզեն, ընենց էլ կանեն»։

Ուղեւորավարձը թանկացնելու մասին Ստեփանակերտ-Ասկերան երթուղու վարորդի պատճառաբանությունները շատ նման են հարազատ երկրի վարչապետի պատճառներին, ամեն ինչ թանկացել է եւ ժողովուրդը դա պետք է ընդունի, չընդունի՝ վատ կլինի։ «Ժողովրդի հետ շփվելուց պիտի կռվի մեջ էլ մտնիս, լի»,-ասում է նա։

Ստեփանակերտցի այս գեղեցկուհին մեր զրուցակիցներից միակն էր, որը համաձայնվեց խոսել իր մարտական տրամադրության մասին՝ թող փորձեն թանկացնել, ինքը փողոցից տուն չի գնա։ «Հլը ընկերներիս էլ ու ծանոթներիս էլ կհավաքեմ»,-ասում է գեղեցկուհին։Ստեփանակերտը դեռ 5 ամիս ունի ուղեւորավարձի բարձրացման համար։ Ի դեպ, ոմանք նույնիսկ չգիտեին, որ Հայաստանում այդ առթիվ բողոքի ակցիաներ են եղել։