400 դոլար ստանալու հնարավորություն
«Օրրան» կազմակերպության 20 աշակերտներ «Գործիր հիմա վաղվա համար» ծրագրի շրջանակներում հնարավորություն կունենան մասնագիտանալու մի շարք արհեստներում: Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթ նախապայմանը եղել է սոցիալապես անապահով ընտանիքի անդամ լինելը: Մասնակիցները 16-28 տարեկան երիտասարդներ են՝ Երևանից, Վանաձորից, Գյումրիից, Արարատից, Էջմիածնից: Նրանք սովորելու են վարսավիրություն, մատնահարդարում, խոհարարություն, տատու և վերանորոգման աշխատանքներ:
Ծրագիրը հովանավորում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը, որն այս նպատակով «Օրրան»-ին տրամադրել է ավելի քան 6մլն դրամ: Կազմակերպության կորպորատիվ կապերի խորհրդատու Արամ Թադևոսյանը հույս հայտնեց, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա. «Հույս ունենք մի քանի ամիս հետո տեսնել, որ մասնակիցները լավ մասնագետներ են դարձել»։
Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ին և տեևելու է մինչև դեկտեմբերի 31-ը: Դասընթացների տևողությունը կախված է լինելու մասնագիտություններից: Ուսուցումը կազմակերպելու համար «Օրրանը» համագործակցելու է համապատասխան ծառայությունները մատուցող կազմակերպությունների հետ:
Բացի դրանից` մասնակիցներին տրամադրվելու են անհրաժեշտ բոլոր գործիքներն ու նյութերը, որոնք ծրագրի ավարտից հետո մնալու են իրենց:
«Օրրանի» հիմնադիր Արմիննե Հովհաննիսյան հավատում է, որ ձեռնարկված միջոցները դրական արդյունքներ կտան.
«Ակնկալում ենք, որ երեխաների մեծ մասը կտիրապետի իր ընտրած արհեստին և կկարողանա իր օրվա հացը վաստակել արդար քրտինքով»,- «Ա1+»-ին ասաց նա։
Դասընթացների վերջում մասնակիցները կսովորեն նաև գրել բիզնես պլան և դրանք կներկայացնեն «Օրրանին»:: Արդյունքում 5 լավագույնները, որոնք նաև աշխատանքի հեռանկար կունենան, կստանան 400-ական ԱՄՆ դոլլար դրամաշնորհ, որով կկարողանալ գնել պրոֆեսիոնալ գործիքներ և նյութեր: