Ներառական ճամբար Հայաստանում (տեսանյութ)
Մինչ մեծահասակները նկատում են տարբերությունները, երեխաները գտնում են նմանությունները։ Ներառական ճամբարի բացման ժամանակ հիշեցնում է Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Վռամ աբեղա Ղազարյանը։ Չորրորդ տարին անընդմեջ Ստեփանավանում ազդարարվեց «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության «Ամառային ներառական ճամբարի» շրջանի բացումը:
Ճամբարի տարածքի վերանորոգումը հնարավոր է դարձել ՎՏԲ - Հայաստան բանկի 8 մլն. դրամ ֆինանսական աջակցության շնորհիվ։
Շինվերանորոգման աշխատանքներն իրականացրել են բանկի կողմից գործուղված շինարարները՝ «G.S.» ընկերությունից։ Հիմնովին նորոգվել և թիթեղապատվել են ճամբարի փայտաշեն տնակների տանիքները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են հատակները, կառուցվել թեքահարթակներ:
Բացի այս, վերակառուցվել և կահավորվել է սանհանգույցը՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչպես նաև բացօթյա հարմարեցված ճաշարանը, որ կարող է ծառայել նաև որպես խաղասրահ:
Ճամբարի հանդիսավոր բացմանը ներկա էին Լոռու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ՎՏԲ - Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսեվը, բանկի աշխատակիցներ, պաշտոնատար անձիք։
«Ամառային ներառական ճամբար 2013 »-ը կգործի 3 հերթափոխով` յուրաքանչյուրը` 7-օրյա տևողությամբ (օգոստոսի 4- 27-ը): Ճամբարականները ՀՀ տարբեր քաղաքներից են` ընդհանուր թվով 150 երեխաներ, որոնցից 98-ը` հաշմանդամություն ունեցող, մնացյալը` սոցիալապես անապահով ընտանիքներից: 1-ին հերթափոխում ճամբարում հանգստանում են շուրջ 40 երեխաներ:
«Ամառային ներառական ճամբար - 2013» - ի ֆինանսական աջակիցներն են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը /ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագիր/, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ և Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությունները /սնունդ, անհրաժեշտ պարագաներ, մանկավարժների վճարումներ/: