Պղպեղագործությունն այլևս եկամտաբեր չէ (տեսանյութ)
Արարատի մարզի Հովտաշատ գյուղը հայտնի է իր պղպեղով: Գյուղացիների գերակշիռ մասն այս տարի էլ նախընտրել է ավանդական պղպեղի մշակությունը։ Գերասիմ Սուքիասյանը 3000 մետր իր տնամերձում միայն պղպեղ է ցանել, ստացված բերքը այս անգամ նրան հիասթափեցրել է:
Գերասիմ Սուքիասյան. Բերք անցյալ տարվա հետ համեմատ քիչ է:
Գերասիմն իր աճեցրած կարմիր ու կանաչ պղպեղները վաճառում է տեղում՝ գյուղի ճամփեզրին։ Երևան հասցնել չի կարող, գումար չունի նաեւ իր բերքը Մասիսի շուկա հասցնելու համար:
"Ամեն կտորին 300 դրամ ենք տալիս, կաշկային ենք փող տալիս, չեկի, տեղի փող, մի 5000 դրամ գյուղացու չարչարանքից գնում է":
Երկար տարիներ պղպեղի մշակությամբ զբաղվող Ռոբերտ Դարբինյանը նույնպես այն կարծիքին է, որ այդ գործն արդեն եկամտաբեր չէ:
Կարմիր, կանաչ թե կծու պղպեղները Հովտաշատում գյուղացին վերավաճառողին է հանձնում 1 կիլոգրամը 100 դրամով։ Իսկ մայրաքաղաքի շուկայում այն հայտնվում է եռակի, քառակի թանկ գնով:
"2 օր առաջ սուպերմարկետում բիբարը դրված էր 400- 450 դրամ",- վստահեցրեց Ռոբերտ Դարբինյանը:
Ինչպես ասում են, իրենց բերքը ջրի գնով վերավաճառողներին չտալու համար, որոշ պղպեղագործներ որոշել են կարմիր պղպեղը արևի տակ չորացնել եւ վաճառել աղացած տեսքով;
"Կիլոգրամը 2000 , 2500 դրամով ծախում ենք, երբեմն ապրանքափոխանակություն ենք անում պանրով, ձվով",-ասաց Գերասիմ Սուքիասյանը:
Հովտաշատի պղպեղագործների մեծ մասը կասկած չունի, որ այսպես շարունակվելու դեպքում գյուղում այս բանջարեղենի մարգերը կպակասեն եւ իրենց գյուղի անունը որակյալ պեղպեղի հետ կապելը, կմնա հուշ: