Գնդապետը «դույլերը» մի կողմ դրեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Փառապանծ մարտիկներ» ՀԿ նախագահ Գրիշա Սարգսյանը հերքում է մամուլում հրապարակված այն լուրը, թե ինքը առաջիկայում կմիանա Ազատության հրապարակում ազատամարտիների նստացույցին. «Ես իմ պայքարի ձևն ունեմ, ոչ թե նստացույց, հացադուլ, կամ ինչադուլ: Դույլերը թողենք մի կողմ: Արդեն 15 տարի շարունակ տանում ենք պայքարի ձևեր` մամուլի ասուլիսներով, հեռուստատեսությամբ և հասարակական վայրերում»,- ասում է նա:
Գնդապետը չի հասկանում ԱԺ-ի աշխատանքային ոճը. «Մինչև օրս անթիվ-անհամար օրենքներ են ընդունել, հողի մասին, քարի մասին, օդի մասին, համասեռամոլների մասին, աղանդավորների մասին, բայց այս երկրի հիմքում կանգնողի, երկրի զինվորի` ազատամարտիկների մասին օրենք չկա»,- մտահոգություն է հայտնում պարոն Սարգսյանը:
Ազատության հրապարակում նստացույց իրականացնող ազատամարտիկները շարունակում են պնդել, որ իրենց պայքարը քաղաքական չէ: Նրանցից Էդվարդ Ներսիսյանն ասում է. «Մենք ազգի համար ենք պայքարում և դա քաղաքական դաշտ կլինի, գյուղական դաշտ կլինի, ֆուտբոլի դաշտ կլինի, դա թող ոչ մեկը իր վրա չվերցնի ու մեզի խորհուրդ չտա»:
Ազատության հրապարակում անժամկետ նստացույց իրականացնող ազատամարտիկները վաղը հանրահավքի են հրավիրել: Նրանք սկզբում կառավարությունից պահանջում էին իրենց սոցիալական փաթեթի բարելավում, իսկ այժմ առաջնային են համարում ողջ ժողովրդի վիճակը. «Եթե կառավարությանը պետք ա, թող թոշակ էլ չստանանք, բայց ժողովրդի հարցը լուծվի»:
Մանրամասները` տեսանյութում: