Մանկական ֆիլհարմոնիան համալրվում է (տեսանյութ)
Մանկական ֆիլհարմոնիան սաների համալրման անհրաժեշտություն ունի
Երևանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կամերային, էստրադային և ժողգործիքների նվագախմբերում կատարվում է համալրում։ Նախապայմանն այն է, որ պատանիներն ու աղջիկները տիրապետեն որեւէ երաժշտական գործիքի։
«Մեկ ամիս նրանք փորձնական այցելում են այդ նվագախումբ, ծանոթանում, հետո իրենք են որոշում կարող են գալ թե ոչ»,- ասաց Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն Ալլա Նալբանդյանը։
Իր գործունեության 20 տարիների ընթացքում մանկական ֆիլհարմոնիան հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ Հայ պատանիներն ու աղջիկներն աշխարհի տարբեր բեմերում փայլել են իրենց կատարումներով։ Որեւէ հյուրախաղերից ֆիլհարմոնիայի սաները դատարկաձեռն չեն վերադարձել։ «Եկել ենք դիպլոմներով, մրցանակներով, պատվոգրերով, արժանացել ենք հանդիսատեսի բարձր գնահատականին»,- մանրամասնեց Նալբանդյանը։
Այսօր մանկական ֆիլհարմոնիա հաճախում են շուրջ 150 երեխաներ։
«Մենք դաստիարակում են լավ ունկնդիր, լավ հանդիսատես, որը շատ կարևոր է»,- հավելեց մանկական ֆիլհարմոնիայի փոխտնօրենը։ Էստրադային, կամերային և ժողգործիքների նվագախմբերը երաժիշտներով համալրելուց հետո, մանկական ֆիլհարմոնիան կպատրաստվի հերթական համերգաշրջանին, որն, ինչպես միշտ, իր ունկնդրին կպարգևի հաճելի տրամադրություն։