Ո՞վ պետք է կանգնի այսօրվա դպրոցականի առջեւ (տեսանյութ)
Կրթության նախարար Արմեն Աշոտյանի կապամյան այցից շոյված էին դպրոցների տնօրենները եւ մարզպետարանի կրթության վարչության պետը
«Առավել պահանջկոտ եւ ուշադիր լսարան, քան հանրակրթական հաստատության ղեկավարներինն է, հնարավոր չէ պատկերացնել»,-ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը։
Վարչության պետը զեկուցում է բոլոր նվաճումների մասին, ձեռք են բերվել դասագրքեր, կոմպլեկտավորվել են դասարաններ, ուրվագծել են նոր ուսուցչի կերպարը. «Այսօրվա դպրոցականի առջեւ պետք է կանգնի ոչ թե սովորական անօգնական ուսուցիչը, այլ եռանդուն, կարդացած գրագետ, նրանց հոգին իմացող մանկավարժը»։
Գորիսի դպրոցներից մեկի տնօրենի համար իսկական տոն է այս խորհրդակցությունը «Օգոստոսյան խորհրդակցության հարգելի մասնակիցներ, թույլ տվեք Գորիսի տարածաշրջանի մանկավարժական կոլեկտիվների անունից շնորհավորել օգոստոսյան խորհրդակցության մասնակիցներին»,-ասաց Գորիսի 3-րդ դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանը։
Տիկին Կարապետյանն ակնարկում է, թե ումից պետք է օրինակ վերցնի մարզպետ Վահե Հակոբյանը դպրոցների հետ աշխատելու համար. «Շնորհակալություն ենք հայտնում պարոն Սուրեն Խաչատրյանին Սյունիքի կրթօջախներին սատարելու համար»։
Նախարար Արմեն Աշոտյանը երկու լուր ունի շնորհակալությամբ եւ տոնական զգացումներով լցված Սյունիքի մարզի կրթության աշխատողներին՝ սպասվում են կրճատումներ եւ կբարձրացվեն ուսուցիչների աշխատավարձերը. «Կրճատումներ իրականացնելիս դպրոցի տնօրենի պարտքն է առաջնորդվել խղճով»։
Աշխատավարձերը բարձրացնելու հարցն, ըստ նախարարի, դրված է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում։ Նախարարը խոսում է աշխատավարձերը շոշափելի բարձրացնելու մասին։ Կառավարությունն առայժմ գումարներ փնտրելու ճանապարհին է։