«Իրար սպանել են հիմար մի պատճառով»։ (տեսանյութ)
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ապրող հայ լրագրող Յուրի Կարապետյանը Հայաստանում տեսել է անասնագոմի մեջ ապրող ընտանիք։ Մեկ էլ ե՞րբ են մարդիկ ապրել անասնագոմում. «Ես հիշեցի նորելուկ Քրիստոսին, որը 2000 տարի գոմում գառների հետ միասին, էնտեղ էր ծնվել»։
Լրագրողը Երեւանից հեռացել է 2008-ի նախագահի ընտրություններից հետո։ Այն ժամանակ անասնագոմում ապրող հայեր չկային։ Ու՞մ է թողել Հայաստանը հայ լրագրողը, մեկն անգամ իր ծնողների թոշակից է բողոքել
«Էստեղ տված թոշակն էլ ասեց, որ ծնողներս ստանում են, դագաղի կրիշկի փող չի հերիք անի»
Ռուսաստանում, ըստ հայ լրագրողի, այդպիսի բան չկա, թոշակները հաստատ շատ բանի կհերիքեն, այնտեղ իմաստ ունի թոշակառու լինելը
«Ես ստանում եմ 300 դոլար թոշակ եւ էլի արտոնություններ ունեմ որոշակի»,-ասում է ՌԴ ժուռնալիստների միության անդամ Յուրի Կարապետյանը։
Հյուսիսային մայրաքաղաքում ապրող հայ լրագրողին տպավորել են բիոզուգարանները, դրանք նույնիսկ հայտնի Վերնիսաժի մոտ կան, ինչու՞ Երեւանը չունի հանրային զուգարան. «Մարդիկ են գալիս, մարդը պահանջ կունենա, տարեց մարդիկ են, ի՞նչ պիտի անեն նրանք»։
Սանկտ Պետերբուրգ արտագաղթող նոր հայաստանցիների մասին Յուրի Կարապետյանը մնացողներին ոգեւորող ոչինչ չի կարող ասել՝ այստեղ շատերը չգիտեն, թե ինչ վիճակում են ապրում արտագնա աշխատանքի մեկնողները անկախ ազգությունից. «Հայ ես, միջինասիացի ես, ադրբեջանցի ես, նրանք չեն վարձատրվում այնքան, որքան մարդն իսկապես աշխատում է։ Նրանք կարելի է ասել, որ կիսաստրկական վիճակում են գտնվում, ապրելու տեղ չունեն»։
Հյուսիսային մայրաքաղաքում շատ են նաեւ ոստիկանության ձեռքն ընկնող հայերը՝ ամենասովորական օրինախախտումներից մինչեւ մարդասպանության պատճառով. «Եվ իրար են, հայերը հայերի են սպանել, հիմար մի պատճառով»։
Լրագրողը շուտով կվերադառնա Ռուսաստան։ Այնտեղ նրան խնդիրներ չեն սպասվում, ինքը Ռուսաստանի քաղաքացի է, աշխատում է ռուս իրավապահների հետ, թարգմանում է դատարանի դուռն ընկած հայորդիների ասելիքը։ Հիմնավորվելու համար չի Հայաստան վերադառնա . «Ես նկարել եմ շատ ֆիլմեր, ես արժեքներ եմ թողել այստեղ եւ հիմա արժեքներ եմ ստեղծում այնտեղ»։