Պատրաստ է ֆինանսավորել «Հյուսիս-հարավ»-ը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին հանդիպեց Եվրասիական զարգացման բանկի /ԵԱԶԲ/ ներկայացուցիչների հետ՝ կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Շատալովի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրին` Հակաճգնաժամային հիմնադրամի մասնակցությանն առնչվող հարցեր:
Սերգեյ Շատալովը նշեց, որ Հակաճգնաժամային հիմնադրամի նախարարների խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության նախնական հայտը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային որոշակի հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությանը 100 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու համար:
Գումարը նախատեսված է տրամադրել միայն կոնկրետ հատվածի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության առկայության դեպքում:
Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ հարավային հատվածի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության ձեռքբերման համար շուտով կհայտարարվի մրցույթ, և նախընտրելի հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հիմնադրամին կտրամադրվի 2014թ-ի գարնանը:
«Մեզ համար շատ կարևոր է ԵԱԶԲ-ի աջակցությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի», մասնավորապես հարավային հատվածի շինարարության մասնակցության հարցում: Եվրոպական ներդրումային բանկը արդեն ներգրավված է ծրագրում և սկսել է աշխատանքները հյուսիսային հատվածում»,-նշեց նախարարը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն