Քոչարյանը լեզգինկա պարեց՝ 10 տարի բոլորը լեզգինկա էին պարում (տեսանյութ)
«Ես հայաստանցի եմ, 20 առաջ, երբ պատերազմ էր, ես էլ նոր էի ավարտել Երեւանի պետական կոնսերվատորիան, հիմնավորապես տեղափոխվեցի Լեռնային Ղարաբաղ»,-այսպես սկսեց իր պատմությունը ԼՂՀ վաստակավոր արտիստ Տիգրան Մկրտչյանը: Նրա պատկերացրած մշակութային Հայաստանն այն ժամանակ բոլորովին այլ էր, քան այսօրվա խայտաբղետ ու ռաբիս դրսեւորումները: Նրա համար չափանիշային երաժշտությունը կոմիտասյանն է:
-Ես երբեմն մյուսների փոխարեն անհարմար եմ զգում. Ռուբեն Հախվերդյանը ճիշտ է ասում՝ հայոց լեզուն բռնաբարում են: Իրոք, լեզուն, հնչյունաբանությունը շատ կարեւոր են երգի ստեղծման հարցում. երգ գրող լավ կոմպոզիտորը խոսքի հնչյունից է ստանում մեղեդին: Կոմիտասն, օրինակ, լրիվ հայերեն է, ու տարբերվում է այսօրվա երգերից: Հիմա էնպիսի շեշտադրումներով են խոսում, կամ երգում, որ բացարձակապես հայերեն չի: Դրանով ուզում են ցույց տան, թե իրենք եվրոպացի են, բայց իրենք եվրոպաներում, ամերիկաներում ամենավերջին կարգի մարդիկ են. մենք մեզնով կարող ենք աշխարհին ներկայանալ, եւ այդպես կունենանք արժեք, միայն մենք մեզնով, մեր լեզվով, մեր մշակույթով: Էն մարդը, որ անհարմար է զգում իր ազգությունից, ինքը ոչ մեկին պետք չէ. ես շատ հպարտ եմ, եթե նորից ծնվեի, կուզեի էլի հայ լինել ու էլի նույն ճանապարհն անցնել: Աշխարհի շատ երկրների հայտնի բեմերում համերգներ եմ ունեցել, բայց երբեք չեմ ձգտել ապրել, մնալ արտասահմաններում, ինձ համար իմ հայրենինքն է թանկ: Ես հպարտ եմ մեր դասականներով, ես հպարտ եմ Կոմիտասով:
-Այսօր մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը ծնունդով Ղարաբաղից են եւ այն ժամանակ, երբ դուք գնացել եք Ղարաբաղ, նրանք եկել են Հայաստան: Արդյո՞ք այստեղ առաջ գնալու հնարավորությունները Ձեզ համար ավելի մեծ չեն, ինչպես իրենց:
-Գիտեք, դա իրենց խնդիրն է, իրենք թողել, եկել են։ Ես Լոնդոնի ինքնաթիռից իջել, նստել եմ Ստեփանակերտի ինքնաթիռը: Ես այդպես եմ ապրել իմ կյանքը ու չեմ զղջում:
-Եթե նորից ապրեիք, նորի՞ց կընտրեիք Ստեփանակերտի ճանապարհը:
-Այո: Էլի չէի ընտրի Լոնդոնի ինքնաթիռը՝ փախուստի ճանապարհը, կընտրեի Ստեփանակերտը: Դա դաստիարակություն է:
- Ձեզ բավարարո՞ւմ է Ղարաբաղի այսօր վիճակը՝ սոցիալտնտեսականից մինչեւ քաղաքական եւ արտաքին քաղաքական;:
-Գիտեք, էդ հողն ազատագրելը էդքան հեշտ չի եղել, մենք շատ դժվարությամբ ենք հասել դրան, բայց կրկնակի դժվար պահելն է: Ինչպես որ երեխա մեծացնելն ավելի դժվար է, քան ունենալը: Ղարաբաղն էլ մեր երեխան է, մենք պետք է պահենք, մեծացնենք, մայրացնենք , բայց հիմա էդ միսիան թողել ենք չգիտես ում հույսին: Այսօրվա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք մեզ հարգել չգիտենք. ուզում են ամերիկացի դառնան, եվրոպացի դառնան. Ինչո՞ւ չեն ուզում հայ մնալ, կամ դառնալ: Շատերին թվում է, որ միայն ծնունդով ու ազգանվան ՙյան՚ վերջածանցով են հայ: Ոչ: Հայ լինելը շատ բարդ բան է: Գարեգին Նդեհը շատ զիլ բան է ասել. հայ լինելու համար պետք է ազնիվ լինել: Դրանից չքնաղ բան չկա: Իսկ սրանք խաբեությամբ,ստախոսությամբ, քանդելով ուզում են հայ լինել, Հայաստանը կայացնել: Հայը տեսակ է, որին պետք է հարգել, հասկանալ: Ազատությունը սխալ հասկացան, լկտիություն ու անճոռնիություն հասկացան. ազատ ապրելն ավելի բարդ է, քան փակված: Փակվածը գիտի, որ կոնկրետ տարածության մեջ է, սահմաններ ունի, որից պիտի չանցնի, գլխին տեր ունի, իրեն պահող կա: Բայց այսօր անօգնական երեխայի նման՝ ազատության ձեռքը կրակն են ընկել: Իհարկե, ես ու իմ նմանները կարող ենք դիմանալ բոլոր փորձություններին, եթե իմանանք, որ դրանք պետք են մեր երկրի կայացման համար, ու թող ես չտեսնեմ, բայց իմ երեխան տեսնի մեր երազած Հայաստանը: Բայց արդյո՞ք այսօրվա զրկանքները հանուն վաղվա լավ օրվա են: Կասկածում եմ: Ինչ վերաբերում է մշակույթին, ապա պետք չի փախչել մեր տեսակից, ամենասարսափելին դա է, մենք մեր երաժշտությունից ենք փախչում, մեր ազգայինից:
-Բայց դա կարծես պետականորեն խրախուսվում է:
-Հենց ցավն էլ դա է, որ պետական այրերը քավոր -սանիկական կապերով են գործ ու պաշտոն տալիս: Այսօրվա մեր ՙերգիչները՚ եւ դերասան են, եւ ֆորդ բոյարի սպորտսմեն, եւ դահուկ են քշում, եւ պարում են:
-Ազգային դիմագիծը, ազգային մշակույթը պահպանել է ավելի շատ Ղարաբա՞ղը, թե՞ Հայաստանը:
-Մշակույթը Ղարաբաղում չի ծաղկում, այն պետք է ներմուծվի Հայաստանից, մեր պատերազմն էլ ինչ-որ առումով մշակութային պատերազմ էր, լեզվի եւ մշակույթի, որպեսզի Արցախում մեր հայրենակիցները չթուրքանան, չուծացվեն, իսկ հիմա հետ ենք գնում՝ թուրքական երաժշտություն, արաբական մելիզմներ.... չեն հասկանում, որ լեզուն ու մշակույթն է ազգապահպան ամենակարեւոր գործոններից մեկը: Թուրքի ուզածն էլ դա է, որ թուրքերեն խոսես, թուրքերեն երգես,թուրքերեն ապրես, վերջում էլ ասիմիլացվես. ոնց որ հիմա Թուրքիայում հարյուր հազարներով հայեր կան, որոնք թուրքացել են, պարզապես գիտեն, որ հայ են: Սրանք չեն հասկանում թուրքի քաղաքականությունը, որն էնքան ճկուն է, նրանք համբերատար գնում են դեպի իրենց ծրագրի իրականացումը: Նույնիսկ սփյուռքում այսօր ավելի լավ է պահպանվում հայկական մշակույթը, քան Հայաաստանում, սրանք վստահ են, որ Հայաստանում ապահով են, սխալում են: Իսկ մեր մշակույթի նախարարությունում նստած են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն մշակույթի հետ: Ղարաբաղում ավելի վատ վիճակ է, նույն էժանագին մտածելակերպը, որակին նայող չկա, միակ հարցն այն է, թե ՙարդյոք մեջը փող կա՞՚: Հետո էլ ասում են, թե էն ժամանակ, երբ մենք մշակույթ ունեինք, դուք կապիկի նման ծառերի վրա էիք:
-Ո՞րն է լուծումը, հայկական մշակույթը վերականգնելու, պահպանելու ձեւն ըստ Ձեզ:
-Մեկ օրում հնարավոր է լուծել խնդիրը: Դա կախված է մեկ մարդուց. նախագահից: Նախագահն ինքը պետք է Կոմիտաս լսի, ինքը պետք է էդպես ապրի: Եթե ինքը համարվում է ընտանիքի հայրը, տան մեծը, ինքը պիտի օրինակ ծառայի, եթե ինքը քեֆ է անում Թաթուլի երաժշտության տակ, կամ Սպիտակցի Հայկոյի կլկլոցների տակ, իհարկե մնացածն էլ դա կլսեն: Ես լավ հիշում եմ, Քոչարյանը երբ դարձավ նախագահ, եկավ Ղարաբաղ, մեծ ուրախություն կազմակերպեցին, տոնախմբություն եղավ, ու ինքը վեր կացավ, լեզգինկա պարեց, ու ինչ եղա՞վ. նրա ղեկավարման 10 տարիների ընթացքում բոլոր չինովնիկները լեզգինկա էին պարում: Թե հարսանիքներին, թե քեֆերին, իրենք պետք է Լեզգինկա նվագեին ու իմանային պարել: Եթե նախագահը լսի Կոմիտասի ՙԿանչէ կռունկ՚ -ը՝ ամբողջ ազգը ՙԿանչէ կռունկ՚ կերգեր: Ձեզ թվում է իրենք չգիտե՞ն էդ լուծումը: Իրենք շատ լավ գիտեն: Կոմիտասն իր ՙԱնտունիով՚ ամբողջ աշխարհն է գրավել. Դեբյուսին ասել է, որ եթե Կոմիտասը միայն ՙԱնտունին՚ գրեր, բավարար էր, որ դասվեր հանճարների թվին: Այնինչ, Կոմիտաս հիմա չկա, չի հնչում մեր եթերում, մեր համերգասրահներում:
-Այսօր ինչպե՞ս եք ներկայանում Ձեր ունկնդրին, հանդիսատեսին:
-Իմ երազանքն էր ունենալ կամերային փոքր համույթ. ես ունեմ այդպիսի համույթ, չնայած միջոցների սղության պատճառով չեմ կարողանում ստաբիլ պահել: Խումբը կոչվում է ՙվերնատուն՚ :
-Ինչպիսի՞ երաժշտություն եք հիմնականում ներկայացնում, ի՞նչ երգեր են ներառված ձեր ղեկավարած համույթի երգացանկում:
-Մեր երգացանկի սյունը, ողնաշարը Կոմիտասն է. մնացածը՝ պատմական գավառների երգերն են, էտալոնային երգեր, որոնք նաեւ պոպուլյար են, ժողովրդական երգեր:
Տիգրան Մկրտչյանը հինգ տարեկանից է երգարվեստում, բեմերի վրա է: Վերջին քսան տարին ապրելով Լեռնային Ղարաբաղում, այսօր վերադարձել է Երեւան. ՙԵս քսան տարի ապրել եմ Ղարաբաղում, էնքան բաներ եմ տեսել, էնքան բաներ եմ սովորել: Բայց արդեն լճացել էի, շնչահեղձ էի լինում, ես չեմ սիրում լինել առաջինը, ես մրցակցություն եմ սիրում: Բայց ոչ այն մրցակցությունը, որ այսօր կա էդ Եվրատեսիլի եւ մյուս մրցույթների շուրջ,երբ արվեստը վերածվում է սպորտի՝ գնացինք հաղթեցինք, կամ պարտվեցինք: Ամեն բան իր համն ու հոտն ունի: Ես արվեստի համն եմ սիրում՚:
Դիանա Մարկոսյան