Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Դուլյանի և մյուս բնակիչների ահազանգը տեղ հասավ

Հասարակություն
3660f147ba7c9210e95cc17ba9ce6fd1


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ այսօր Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժվել է: Իսկ Բնակիչները խնդիրը բարձրացրել էին դեռեւս 10 տարի առաջ։

Գազալցակայանի ապամոնտաժման հարցով բնակիչները տարիներ շարունակ մի տրցակ բողոք- դիմում են ներկայացրել պատկան մարմիններին, սակայն հարցին այդպես էլ լուծում չէր տրվում։ Բնակիչներից հայտնի լրագրող Արմեն Դուլյանը բազմիցս ահազանգել է այս մասին նաեւ սոցիալական ցանցերում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրենք դիմել էին դեռ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին։

Վերջինիս պատասխանն էլ զարմացրել էր բնակիչներին. «Գազալցակայանը օրինական է կառուցվել, եթե քանդեն, ապա քաղաքապետարանը պետք է փոխհատուցում տա գազալցակայանի տիրոջը»։ Բնակիչների առողջությանը և անվտանգությանը սպառնացող հարցը հասել է նաև դատարան։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը՝ նշելով, որ գազալցակայանի կառուցումն օրինական է։

«Ամեն օր վախենում էինք, որ հանկարծ ինչ- որ մեկը կարող է սիգարետը գցել գազալցակայանի մոտ, և պայթյուն տեղի ունենա»,- ասում է Արմեն Դուլյանը։ Անհանգստացած բնակիչները դիմել են նաև երկրորդ ատյանի դատարան և հաղթել։

Որոշում է կայացվել ապամոնտաժել գազալցակայանը։ Այսօր արդեն որոշումը կատարված է, գազալցակայանը՝ ապամոնտաժված։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշում է, որ հաշվի առնելով տաղավարի հարակից բնակելի տների բնակիչների, ինչպես նաև երթևեկության և հետիոտնի անվտանգության ապահովման խնդիրները՝ որոշում է կայացվել կասեցնել գազալցակայանի շահագործումը։