Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակահրդեհային հրաշք հեղուկ՝ «Armenia EXPO-2013»-ում (տեսանյութ)

Տնտեսություն
d737d28567e084a39c71cdb51275314a

Այսօր Մերգելյան ինստիտուտում մեկ հարկի տակ կարող էինք տեսնել խոշորագույն հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի:

Տաղավարներում կարելի էր հանդիպել շենքերի մակետներից մինչև մանկական զուգագուլպաներ: Առիթը «Armenia EXPO 2013» ցուցահանդեսն էր, որ Հայաստանում կազմակերպվում է 2011 թվականից և հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն մասնակից բոլոր ընկերությունների մասին, գտնել շահավետ գործընկերներ և օտարերկրյա ներդրողներ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորեց ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին՝ «Armenia EXPO-2013»-ի բացման կապակցությամբ. «Այս տարածաշրջանային ցուցահանդեսն արդեն ձևավորել է գեղեցիկ ավանդույթներ: Մենք այն դիտարկում ենք որպես մի հարթակ, որը մեր երկրին հնարավորություն է տալու բացահայտել տնտեսական աճի նոր ուղիներ, քանի որ այստեղ ներկայացվում են ընկերություններ, որոնք ունեն նոր գաղափարներ, առաջարկություններ, որոնում են նոր ներդրողների, կարողանում են կապեր հաստատել այլ երկրների ձեռնարկությունների հետ: Այս հարթակն է, որ պետք է հաղորդի նոր էներգիա և լիցք՝ մեր տնտեսության զարգացմանը»։

Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծրագրերին:

Ցուցահանդեսի մասնակիցներն այն կարծիքին էին, որ Հայաստանում տնտեսական շուկան բավական փոքր է: Ըստ «A.K.L HOVHANNISYANNER» հայկական ընկերության, որը ներկայացնում է բույսերից և հայկական ծիրանից ու կոնյակից մաշկի կոսմետիկ միջոցներ, իր ապրանքի որոշ տեսակներ կան միայն Հայաստանում։ Ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ասում է. «Շուկան բավական փոքր է. Հայաստանի կառավարությունը պետք է օժանդակի մեր ապրանքը դուրս հանելու հարցում, քանի որ գովազդը բավական թանկ է»։

Իսկ «Մեմբրան Ջրահներ» ընկերության տնօրեն Յուրիկ Հախնազարյանը գտնում է, որ Հայաստանում լեռնամետալուրգիական բիզնեսը և առևտուրը օրեցօր զարգանում է, այդ իսկ պատճառով իր ջրամղիչի համար նա ընդլայնվող շուկա է տեսնում:
«AS TACH» տնօրեն Աշոտ Սարգսյանը ներկայացնում էր իր նոր արտադրանքը` «Նովեվ 13.30». դա հակահրդեհային իներտ գազով հեղուկ էր. տեսանյութը՝ ստորեւ։