Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միասնական աշխատանքից կաթնատվությունը կավելանա»

Տնտեսություն
d67055896a1760ed90c95170f39242d1

Ֆերմերային կոոպերատվիների ստեղծումը ոչ թե վերադարձ է կոլխոզային տնտեսությունների, այլ նպաստելու է հատկապես անասնապահության զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Խաչատրյանը, որը ներկայացրեց 2011թ. գործող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում եւ մրցունակություն» ծրագրի արդյունքները:

Ըստ նրա` արդյունքները դրական են: Կոոպերատիվների զարգացման համար 16 մլն ԱՄՆ դոլար էր տվել Համաշխարհային բանկը: Միջոցներն ուղղվել են 6 մարզի 55 համայնքի: Նշենք, որ ՀՀ-ում կա 186 հազար գյուղական տնտեսություն:

Պարոն Խաչատրյանը նշեց, որ արոտավայրերը կազմում են հանրապետության տարածքների 1/3-ը, որոնք, սակայն, այսօր լիարժեքորեն չեն օգտագործվում. «Խնդիրները շատ են` խմելու ջրի պակաս, ճանապարհների ոչ բարվոք վիճակ, անասնակերի կուտակում: Արդյունքում՝ քիչ կաթնատվություն, որը նաեւ արհեստական սերմնավորման պակասից է»:

Նա համոզված է` այս բոլոր խնդիրների միակ իրական լուծումը ֆերմերային կոոպերատիվների ստեղծումն է. «Հիմա դեռ կամավորության սկզբունքով է ամեն ինչ արվում. մեր ժողովուրդն ավելի քան 20 տարի հետ է վարժվել միասնական աշխատանքից: Ես հավաստիացնում եմ` միասնական, կոոպերատիվ աշխատանքի արդյունքում 20 տոկոսով կավելանա մսատվությունն ու կաթնատվությունը. Եթե կենդանուն լավ կերակրենք, նա լավ կաթ կտա»: