Երեխաների առողջական վիճակը մտահոգիչ է
Հայ դպրոցահասակ երեխաների և դեռահասների ընդհանուր առողջական վիճակը մտահոգիչ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեխաների և դեռահասների առողջական ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը։ Նա նշեց, որ մասնագետները նման եզրակացության են եկել դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացվել են 2005-2006թթ. և 2009-2014թթ։
Ս. Սարգսյանը հայտնեց, որ երեխաների և դեռահասների մոտ հայտնաբերվել են 3 հիմնական տիպի խնդիրներ՝ ընդհանուր ֆիզիկական առողջության, հոգեբանական և ֆիզիկական ակտիվության։
Անդրադառնալով սրանցից առաջինին՝ մասնագետը նշեց, որ ֆիզիկական առողջության հիմնական խնդիրներից են գլխացավերը և փորացավերը, որոնց պատճառներն են անառողջ սննդակարգը և ցածր ֆիզիկական ակտիվությունը։
Ըստ մասնագետի՝ հոգեբանական խնդիրները, որոնց տարածված տեսակներն են դեպրեսիաները և մենակության զգացողությունը, երեխաների մոտ առաջանում են հիմնականում ծնողների հետ բաց հաղորդակցության բացակայության պատճառով։ «Երեխան, դեռահասը ունի խնդիրներ, որոնցով դժվարանում է կիսվել և ունենում է հոգեբանական բարդույթներ»,- նշեց մասնագետը՝ ավելացնելով, որ տեսականորեն այս խնդիրը պետք է չլիներ, քանի որ հայ երեխաների և դեռահասների ճնշող մեծամասնությունն ապրում է լիարժեք ընտանիքներում, որտեղ կա և՛ հայր, և՛ մայր։
Ֆիզիկական ակտիվության վերաբերյալ ցուցանիշները, Ս. Սարգսյանի հավաստմամբ, ևս հոււսադրող չեն, և հատկապես խոսքը վերաբերում է աղջիկներին։ «Հայ աղջիկները ռեկորդակիր են հեռուստացույցի առջև ժամանակ անցկացնելու առումով», -ասաց Ս. Սարգսյանը։
Այդուհանդերձ, դրական ցուցանիշներ ևս կան։ «Մի տեղեկատվություն NBC էր հասել ԱՄՆ, որ հայ 11 տարեկան երեխաները ամենաերջանիկներն են», - նշեց մասնագետը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, տարիքի հետ այդ ցուցանիշը նվազում է։