Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյանը կարեւորել է բրիտանացիների այցը Արցախ

Պաշտոնական
af3f4decef99ca2272ef3b30ff9b578f

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանը միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը կարեւորել է ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափերով:

Երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարձր գնահատելով Միացյալ Թագավորության խորհրդարանի բրիտանահայկական խմբի գործունեությունը` նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է:

ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բրիտանացի խորհրդարանականների այցը կխթանի երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունները, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացումը:

ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները: Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին ` կարեւորելով արտերկրում, միջազգային կառույցներում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը:

Այս համատեքստում նա բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների այցը Արցախ: Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշել է, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ հավելել, որ այդ որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում:

« Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը վերահաստատել է իրենց պատրաստակամությունը նպաստել երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը, միջպետական հարաբերությունների խորացմանը: Նրա խոսքով` Մեծ Բրիտանիան կարեւորում է Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում , ու Եվրոպան, եւ մասնավորապես Միացյալ Թագավորությունը շահագրգիռ են զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Բրիտանացի պատգամավորների համոզմամբ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքը լավ է դրված: Նրանք վստահություն են հայտնել, որ այդ հարաբերությունները այսուհետ եւս կզարգանան եւ կխորանան՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել: