«Պետական խելագարություն գիտության հանդեպ»
«Հայաստանում տարվում է հետամնաց գիտական քաղաքականություն, ինչի մասին վկայում է օրհասական վիճակում գտնվող գիտահամալսարանական ոլորտը, - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը և ավելացրեց,- մեր երկրում գիտությունը թելադրվում է ազգային սերուցք չհանդիսացող գիտական խորհրդի կողմից»:
Սիներիկ Հայրապետյանին զարմացնում է, թե ուր են գնում գիտությանը տրամադրվող միլիարդավոր դրամները. «Այդ գումարները ռեստորաննե՞ր են գնում, թե՞ ուր: Գիտության վիճակը ցույց է տալիս, որ հայաստանյան իշխանությունները պետք է վերանայեն այդ ոլորտը: Այլապես սա պետական մակարդակով խելագարություն է»,- հավելեց պրոֆեսոր Հայրապետյանը։
Պրոֆեսորը անարդար համարեց, որ չի ընդգրկվել ԳԱԱ-ի ամենաարդյունավետ աշխատող գիտնականների այս տարվա ցուցակում: «Պատճառն այն է, որ մասնագետներն ընտրվում են խաբեբայությամբ, դա է պատճառը, որ շատ երիտասարդներ լքում են երկիրը, օրինակ իր 37 ուսանողներից շատերը արտասահմանում բարձր են գնահատվում»։
Նա պատրաստվում է բաց նամակ հղել ՀՀ Նախագահի աշխատակազմի Վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ներկայացնելով ոլորտում տիրող ամենաթողության կոնկրետ դեպքեր։
Պրոֆեսոր Հայրապետյանը կարծում է, որ գիտության ոլորտում ամենաթողությունը կվերանա, եթե երկրում նախագահին կից ստեղծվի անկախ փորձագիտական մարմին։