Մոդելները կարող են և ինտելեկտուալ չլինել
Արդեն 2-րդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Elite Model Look» մրցույթը։ Այսօր «Elite Model Look Armenia/Georgia»-ի պաշտոնական ներկայացուցիչ Իա Կիցմարիշվիլին, Luxury Group-ի հիմնադիր տնօրեն Էռնեստ Մարկոն և 2012թ. Հայաստանի հաղթող Նելլի Սայադյանը լրագրողներին ներկայացրին մրցույթում տեղի ունեցած փոփոխությունները։
Տիկին Կիցմարիշվիլին նշեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի հայաստանցի աղջիկները կարող են մասնակցել նաև օն-լայն քասթինգին. «Մեր ֆեյսբուքյան էջում աղջիկները՝ երկրի տարբեր մասերից, կարող են գրանցվել և արդեն վաղը մասնակցել ու հանդիպել մեզ հետ։ Մրցույթին կարող են մասնակցել 14-22 տարեկան աղջիկները։ Մյուս նորությունն այն է, որ այս տարի մրցույթին մասնակցում են նաև տղաները, առայժմ միայն վրաստանցի»,-ասաց տիկին Կիցմարիշվիլին՝ հավելելով, որ այս մրցույթին կարող են մասնակցել նաեւ այն աղջիկները, որոնք այդքան էլ չեն համապատասխանում 90-60-90 չափորոշիչին։
Վաղը ժամը 14-ին տեղի կունենա «Elite Model Look» մրցույթի հայաստանյան ընտրական փուլը։ Մրցույթի վերջին փուլը՝ 5 մոդելներ ընտրելուց հետո, կանցկացվի հոկտեմբերի 5-ին Թիֆլիսում, իսկ արդեն միջազգային փուլը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները, կանցկացվի Չինաստանում։ Միջազգային մրցույթի ֆոնդը կազմում է 300 հազար եվրո, որը բաժանվելու է առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մոդելների միջեւ։
Իա Կիցմարիշվիլին ընդգծեց, որ «Elite Model Look» մրցույթը մյուս մրցույթներից տարբերվում է նրանով, որ այստեղ վրացի և հայ հաղթող մոդելներին ընտրում է միայն «Elite Model Look»-ի ներկայացուցիչը Ֆրանսիայից։
17-ամյա ապագա տնտեսագետ Նելլի Սայադյանը, ով 2012թ. մրցույթի հաղթողն է, «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ մրցույթին մասնակցելու համար կարևորը ոչ թե ինտելեկտն է, այլ գեղեցկությունը. «Կարող ես շատ ինտելեկտուալ չլինել, բայց կազմվածքով, բարձր հասակով համապատասխանել և հաղթող ճանաչվել։ Իսկ հաղթելու համար կարևոր է ինքնավստահություն ունենալ, և ամեն ինչ լավ կլինի։ Նմանատիպ մրցույթները մոդելներին հնարավորություն են տալիս հայտնվել միջազգային բեմերում և հայտնի դառնալ»։