«Համերգի փոխարեն՝ գները մի զրոյով պակասեին»
Սա երգիչ Արթուր Իսպիրյանի կարծիքն է՝ Անկախության տոնին Հանրապետության հրապարակում կազմակերպված՝ Նունե Եսայանի մենահամերգից հետո։ Իսկ ըստ Աշոտ Ադամյանի՝ դա համերգ չէր, այլ խրախճանք։
«Ա1+»-ի հետ զրույցում դերասան Աշոտ Ադամյանը չցանկացավ անգամ որակին անդրադառնալ. «Դա իմ անկախ երկրի տեսակով չէր ու չէր ներկայացնում իմ երկրի մշակութային տեսլականը,որը մենք գիտենք մեր պատմությունից ու ընթացքից, ուղղակի անընդունելի է»,-նշեց նա:
Պարոն Ադամյանը ոչ մի կերպ չի հասկանում ճոխության նման մեծ չափաքանակի առկայությունը. «Առավել պճնվածության կարիք ես անձամբ չեմ զգում: Պաստառների, դրոշակների վրա այդքան գումար է ծախսվել, երբ երկրում այսքան խնդիրներ կան»: Աշոտ Ադամյանը դեմ չէ համաժողովրդական տոներին կազմակերպվող համերգներին, բայց անգամ դա է ըստ նրա աննորմալ արվում. «Ինչ է նշանակում աթոռներ նմանատիպ համերգներին: Այո, այսպիսի վերաբերմունք է` նստովի-կանգնովի:Լավ չէ»:
Դերասանը չցանկացավ առանձնապես մեկնաբանություն տալ այն փաստին, որ Նունե Եսայանին միշտ կարելի է տեսնել հենց իշխանության կողմից կազմակերպված համերգներին՝ դեռ 1991 թվականից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերից սկսած. «Ես չեմ ուզում հետադարձ հայացք ուղղել:Ես ցանկություն չունեմ անդրադարձ կատարել՝ ով ում երգիչն է»:
Երգիչ Արթուր Իսպիրյանը գոհ է համերգից: Նա անկեղծացավ, որ իր սպասածից լավն էր. «Իմ լավագույն ընկերներից մեկն էր բեմի վրա: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, թե չէ՝ միշտ դրսից են բերում նմանատիպ տոներին»,- նշեց նա:
Երգիչը նորմալ է համարում ճոխությունները. «Իրականում դրանք չնչին գումարներ արժեն»: Պարոն Իսպիրյանը,իհարկե, իշխանության կողմից համերգը համարում է լավ նվեր, բայց ավելի լավ նվեր էլ կարող էր անել՝ «Ամեն ինչի գները մի զրոյով պակասեին»,-կատակում է նա: Երգիչը նույնպես շրջանցեց Նունե Եսայանի`«պալատական երգչուհի» լինելու փաստը. «Ամեն մարդ մի ձևա մտածում ու գործում: Նունեն շատ լավ ընկերա, կասեմ այսքանը»,- ավելացրեց նա: