Կքննարկվի նաեւ «սեքսի ազատության» հարցը
Այսօր մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը։ «Ա1+»-ի հետ զրույցում Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը նշեց, որ ժողովի ընթացքում կքննարկվեն հայ եկեղեցու առջև ծառացած մի շարք խնդիրներ. «Դրանք վերաբերում են դավանաբանական, ծիսական խնդիրներին։ Կան նաև խնդիրներ, որոնք առկա են ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում։ Երբ հայ երիտասարդներն ամուսնանում են օտար ազգերի ներկայացուցիչների հետ, այդ ժամանակ բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որ անպայման հայ եկեղեցին պիտի կարողանա գոնե սկիզբը դնել այդ հարցերի կարգավորման, որպեսզի ընթացքը լինի ավելի սահուն եկեղեցական գործունեության մեջ։ Այն, որ այսօր Հայաստանը վխտում է աղանդավորական տարաբնույթ շարժումներով, այն, որ Հայաստան է եկել էսպես կոչված գենդերային շարժման ողբերգությունը, չգիտեմ՝ սեքսի ազատության խնդիրն է, թե խղճի ազատություն, մարդու իրավունքների ազատություն, այլասերում ու այլանդակում են մեր ազգային կերպարը, սա անքակտելիորեն առնչվում է հայ եկեղեցու հետ։ Ես ուրախ եմ, որ այսօր Եպիսկոպոսաց ժողովն այդ խնդիրները բարձրացնելով՝ ինչ-որ կերպ ուզում է նպաստել վաղվա ավելի առողջ ազգային դեմքի ստեղծմանը»,-եզրափակեց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը։ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի հետ զրույցի մյուս մասը՝ վաղը։