Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպում նախագահականում

Պաշտոնական
beafa38779e1f4c6f4f224770a2d9e76

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաjիլ Կոստարակոսին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և վստահություն հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական կապերի վրա հիմնված հայ-հունական երկկողմ հարաբերություններին:

Ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-հունական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև անցած տարիներին ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսություն և սերտ փոխգործակցություն ռազմական ու կրթամշակութային ոլորտներում: Նախագահի համոզմամբ, նմանատիպ այցելությունները լավագույնս վկայում են երկկողմ հարաբերությունների շարունակականության և դրանց նոր որակ հաղորդելու կողմերի պատրաստակամության մասին։

Հանդիպմանը հայ-հունական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ամենով հանդերձ՝ հայ-հունական համագործակցության ներուժը շատ ավելին է և անհրաժեշտ է այն լիարժեքորեն իրացնել:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ