Ուշացած հարց՝ ԱՄՆ դեսպանատան մասին
Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները այդքան մեծ հողատարածք հատկացրել մեր երկրում ԱՄՆ դեսպանատանը։ Տարիներ հետո հարց է բարձրացնում վերջերս ձեւավորված «Դեպի Եվրասիական միություն ժողովրդական շարժումը», որի անդամները կումունիստներ են։
«Այն էլ այն պետությանը, որը մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,- ասում է Իշխան Թովմասյանը։
Այս հարցը շարժման անդամները գրավոր պատրաստվում են ուղղել
վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին։
Նրանց կարծիքով՝ այս հարցի բարձրացումը հրատապ դարձավ սեպտեմբերի 3-ից հետո, Երբ Սերժ Սարգսյանը Կրեմլում Վլադիմիր Պուտին խոստացավ անդամակցել Մաքսային միությանը. «Մինչ այդ եթե որեւէ քաղաքացի կամ ուժ բարձրացներ նման հարց, նա իշխանությունների կամ նրան սատարողների կողմից անպայման պիտակավորվելու էր, որ համայն հայության կարեւոր նշանակություն ունեցող ցեղասպանության եւ արցախյան հիմնախնդրի լուծման ոչ միայն խանգարողն էր, այլ դավաճանն էր»,- նշեց կոմունիստ Թովմասյանը։
Եվրամիություն ձգտողներին Իշխան Թովմասյանը հայ ժողովրդի թշնամի չի համարում, սակայն նրանցից լուրջ հիմնավորում է պահանջում։
Իսկ ո՞րն է Մաքսային միություն ձգտող՝ «Դեպի Եվրասիական միություն ժողովրդական շարժման» անդամների հիմնավորումը։ Պարզվում է՝ նրանք ողջունում են ցանկացած գաղափար, որը կապված է Ռուսաստանի հետ։
«200 տարի մենք միասին միշտ աշխատել ենք, միշտ արարել ենք»,- ամփոփում է Աշոտ Պապյանը։