Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է ուզում տեսնել Սուրենյանցին ճաղերի հետեւում (տեսանյութ)

Հասարակություն
a64e8955004928acd19103253842b312

Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր բավարարեց մեղադրողի ներկայացրած միջնորդությունը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինել կալանքով: Դատարանը որոշում է կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Սուրենյանցը մեկ տարի առաջ Հեղինե Սարգսյանից 530,000 դրամ է վերցրել՝ նրա որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին Վ. Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր ընդունելու համար։ Սակայն Սուրեն Սուրենյանցը չի օգնել Հեղինե Սարգսյանի որդուն։ Քաղաքագետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն, խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Սուրեն Սուրենյանցը «Ա1+»-ի հետ հարցազրույցում նշեց, որ ըստ էության քրեական գործ գոյություն չունի։

«Ես իրավաքաղաքացիական հարաբերություներով պարտք եմ եղել Հեղինե Սարգսյանին և մարել եմ պարտքը։ Նա բողոք չունի։ Ես գումարը խոստացած օրից ուշացրել եմ, դրա համար է Հեղինե Սարգսյանը դիմել Աշտարակի ոստիկանություն, որտեղից նրան ուղարկել են Էրեբունու քննչական, որտեղից էլ կանչել են մարդկանց, ասել են՝ փող բերեք՝ գործը փակենք։ Եթե գործը փակված է, ինչու պետք է մաղարիչ արվի։ Նույնիսկ Հեղինե Սարգսյանն ինձ այսօր առավոտյան զանգել ու ասում է ՝ կարող է ինձ նստացնեն։ Ես շատ վաղուց եմ գումարը տիկին Հեղինեին վերադարձրել, ավելին ասեմ՝ ունենք կնքված փաստաթուղթ, որ պարտք - պահանջ չկա։

Սա իրավաքաղաքացիական հարաբերություն է։ Ես չեմ հասկանում՝ ինչ պետք է քննի դատարանը, երբ որ պարտքը մարված է։

Երբ Լիսկայի թուլեն դուրսն ա ու իրական հանցագործությամբ զբաղվելու փոխարեն, պետությունն ամբողջ զբաղվում է այս ծիծաղելի խնդրով։ Ես թաքուն տեղ չեմ, կարող են ոստիկանները գալ ու ինձ կալանավորել։ Ես Հայաստանում եմ, թող գան կալանավորեն, ավելին ասեմ՝ ինձ ավելի լավ ա ես լինեմ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կողքին, քան լինեմ Լիսակայի թուլի կողքին։ Թող գան ոստիկանները, ես չեմ դիմադրի, միայն կարող է վարորդս մի քիչ դիմադրություն ցույց տա, բայց ես իրեն կհորդորեմ, որ ոչ մի քայլ չձեռնարկի»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Պարոն Սուրենյանցը հստակ գիտի, թե ովքեր են ցանկանում իրեն տեսնել ճաղերից այն կողմ, ով է շահագրգռված իրեն անազատության մեջ տեսնել. «Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամը, որի անունը Սեյրան Մանուկյան է։ Նա ոստիկանության նախկին աշխատակից է»,-նշեց Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ հիմա ցանկություն չունի մանրամասնել, թե ինչու է նախկին ոստիկանը ցանկանում իրեն անազատության մեջ տեսնել։

Ի դեպ, Սուրեն Սուրենյանցն այսօր չի մասնակցել դատական նիստին՝ առողջական խնդիրների պատճառով։