Դպրոցականները «Էլեկտրիկություն» կսովորեն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ապահովել հանրակրթական ուսումնական հաստատություններում «ՀԷՑ»-ի կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության կանոնների մասին դասընթացների կազմակերպման ծրագրի շրջանակում համատեղ տեղեկացման, փոխգործակցության և գործողությունների համակարգման աշխատանքներ: Կարևորելով համաձայնագրի ստորագրումը` Արմեն Աշոտյանը նշել է, որ ծրագրի կարևորությունն անվտանգ դպրոցական միջավայր ստեղծելու, ինչպես նաև դպրոցից դուրս անվտանգության պահմանման կարևոր բաղադրիչներից մեկն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն իր հերթին նշել է, որ ծրագրի շրջանակում ցանցի աշխատակիցներն այցելել են հանրապետության մարզերի շուրջ 1200 դպրոց, անցկացրել համապատասխան դասընթացներ, որոնք լավ արդյունք են տվել:
ՀՀ կրթության և գիտության նախարարը Եվգենի Բիբինի ուղեկցությամբ այցելել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակակից կրթական կենտրոն, որտեղ ցանցի աշխատակիցները մասնագիտական գիտելիքների կատարելագործման, վերապատրաստման դասընթացներ են անցնում: