Ցավակցում են
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, հայ ազգի արժանավոր զավակ Սոս Արտաշեսի Սարգսյանի մահվան մասին:
Սոս Սարգսյանը մեծ մտավորական էր, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու պատվավոր առաքելությանը:
Անգնահատելի է Սոս Սարգսյանի ներդրումը հայկական մշակույթի զարգացման, բազում սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում: Իր անսպառ տաղանդի եւ փայլուն աշխատանքի շնորհիվ նա հարգանք ու ճանաչում է վաստակել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:
Մեծ է Սոս Սարգսյանի ավանդը նաեւ Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործում: Նա միշտ եղել է Արցախի հետ՝ ըստ ամենայնի աջակցելով մեր պետականաշինության գործընթացին:
Արցախում բարձր են գնահատել Սոս Սարգսյանի հայրենանվեր գործունեությունը՝ պարգեւատրելով նրան «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով եւ այլ պետական պարգեւներով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեզ բոլորիս՝ անդառնալի կորստի առթիվ:
Սոս Սարգսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
Ցավակցական հեռագիր է հղել նաեւ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը. «Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի և համաշխարհային մշակույթի համար:
Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ ու աննկուն քաղաքացի Սոս Սարգսյանը փայլուն չափանիշ է երիտասարդ սերունդների համար, իսկ նրա արվեստը՝ հավերժ մնայուն:
Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից պատիվ ունեցավ Սոս Սարգսյանի հետ կիսելու հանրային կյանքը վերափոխելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու մեր նպատակն ու գործունեությունը, որը նոր որակ և ուժ ստացավ ազդեցիկ մտավորականի ճշմարտախոսության ու իմաստության շնորհիվ:
Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին»:
Վստահ ենք, որ Մեծ մարդու և վառ անհատականության անունն ու գործը հավերժ կապրեն մեր պատմության էջերում և բոլորիս սրտերում: