Ամերիկացին հավանել է հայկական մեղրն ու գաթան (տեսանյութ)
Հայաստանի մարզերն այսօր իրենց ավանդական բերք ու բարիքով Հյուսիսային պողոտայում են։ Երևան ժամանած զբոսաշրջիկներին գրավում են իրենց մարզում աճող մրգերով ու ավանդական կերակրատեսակներով։
Թուզը, ազնվամորին, դեղձը, զկեռը, մածուն ու փոխինձը Տավուշի մարզն է ներկայացնում։
Գոհար Ամիրյանն ասում է, որ զբոսաշրջիկներն անտարբեր չեն անցնում իրենց տաղավարի կողքով, իրենց բարիքներից նույնիսկ օգտվել են։ «Տուրիստերն ավելի շատ հավանել են մեր փոխինձը», - ասում է տավուշցին և հույս հայտնում, որ գալիք տարի Տավուշի մարզը զբոսաշրջիկների պակաս չի ունենա։
Խաղող, գինի, պանիր ու մեղր՝ սրանք էլ Վայոց Ձորի մարզի բերքն ու բարիքն է։ «Տուրիստները հիմնականում միայն Երևան են գալիս. այս նախաձեռնությունը մեզ թույլ կտա, որ մենք մեր մարզը ներկայացնենք, տուրիստները ճանաչեն ու մեզ մոտ էլ գան» ,- ասում է Վայոց Ձորի ներկայացուցիչ Անի Հարությունյանը։
Ամերիկայից ժամանած ՈՒոլդը հավանել է հայկական մեղրն ու գաթան. «Հաջորդ տարի անպայման Կոտայքի մարզ եմ գնալու՝ հատուկ գաթա ուտելու համար»,- ասում է ամերիկացին։
«Տանձն ու թուզը շատ հավանեցի», - մեզ հետ զրույցում նշեց Իրանից եկած Մարիան։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը զբոսաշրջության օրվա կապակցությամբ՝ նպատակ ունենալով զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական բարիքներն ու դրանով նպաստել Հայաստանի տարբեր մարզերում զբոսաշրջության զարգացմանը։
Սեպտեմբերի 27-ը տուրիզմի համաշխարհային օրն է: Այն հաստատվել է Համաշխարհային տուրիստական կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 1979թ.-ին Իսպանիայի Տորեմոլինո քաղաքում: